գլխավոր Գլխավոր «Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան բանակցություններից հետո Պուտինի հետ հանդիպում նախատեսված...

«Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մոսկովյան բանակցություններից հետո Պուտինի հետ հանդիպում նախատեսված չէ»․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում Մոսկվայում այսօր տեղի ունենալիք բանակցություններից հետո հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 

«Այժմ նախատեսվում է միայն արտգործնախարարների մակարդակով աշխատանք իրականացնել»,- նշել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպում կունենան ՌԴ ղեկավարի հետ։

Միևնույն ժամանակ Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե դիվանագետների միջև առաջիկա հանդիպման օրակարգը ինչպիսին կարող է լինել:

«Եկեք առաջ չընկնենք, սպասենք շփումների ավարտին»,- նշել է նա:

Մեկնաբանելով Agence France Press-ի հրապարակումն այն մասին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը արդեն ուրբաթ և շաբաթ կարող են զինադադար կնքել, Կրեմլի խոսնակը նշել է, որ «այդ մասին ոչինչ չի կարող ասել»:

Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այսօր 15:00-ին։(Երևանի ժամանակով՝ 16։00)