գլխավոր Շոուբիզնես «Լիլյային սիրում եմ, անբռնազբոս, գունեղ, խելացի աղջիկ է, վստահ եմ՝ հեռուստադիտողն էլ...

«Լիլյային սիրում եմ, անբռնազբոս, գունեղ, խելացի աղջիկ է, վստահ եմ՝ հեռուստադիտողն էլ կսիրի»․ անկեղծանում է դերասանուհի Սաթեն Ղազարյանը

Դերասանուհի Սաթեն Ղազարյանն այժմ նկարահանվում է «Նոր Հայաստան» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Խաբկանք» նոր հեռուստասերիալում։
Դերասանուհին ShowBiz.am-ի հետ զրույցում խոսեց իր կերպարից, նկարահանումներից ու դերասանական կազմից, անդրադարձավ կարանտինին՝ դրա առավելություններին ու թերություններին, ինչպես նաև պատմեց, թե այս ընթացքում ինչպես է հետևում իր կազմվածքին, խոսեց իր մասնագիտությունից  ու առաջիկա ծրագրերից։

-Այժմ նկարահանվում եք «Խաբկանք» հեռուստասերիալում ինչպե՞ս հայտնվեցիք այս նախագծում, ո՞վ է Ձեր հերոսուհին, կպատմե՞ք մի փոքր Ձեր կերպարի մասին։

-Այո՛, հիմա նկարահանվում եմ «Խաբկանք» հեռուստասերիալում, մարմնավորում եմ «Լիլյա» կերպարի հերոսուհուն, կենսուրախ և զարգացած աղջիկ է, ով  եկել է հյուր արտերկրից։ Բավականին հարուստ և լիքը կերպար է՝ ի շնորհիվ սցենարիստի՝ Անուշիկ Պետրոսյանի։

Նմանություններ տեսնո՞ւմ եք Ձեր և Ձեր հերոսուհու միջև, հեշտ է ստացվում այս կերպարին մարմնավորելը։

-Եթե ֆիլմը պրոֆեսիոնալ սցենարիստ ու ռեժիսոր է ունենում, դերասանին մնում է միայն, կպնելով ընդհանուր գաղափարին, կյանք տալ կերպարին։ Մեր թիմն այսօր շահել է սցենարիստի՝ Անուշիկ Պետրոսյանի ու ռեժիսորի՝ Վարշամ Սափրազյանի առումով. փայլուն մասնագետներ են, ուստի հեշտ է, իհարկե, ստացվում աշխատանքը։ Իմ և Լիլյայի մեջ, ու առհասարակ իմ մարմնավորած յուրաքանչյուր կերպարի մեջ, նմանություն և տարբերություն չեմ փորձում գտնել։ Լիլյային սիրում եմ, անբռնազբոս, գունեղ, խելացի աղջիկ է, վստահ եմ՝ հեռուստադիտողն էլ իրեն կսիրի։

Ինչպե՞ս են ընթանում նկարահանումները։ Ի՞նչ կասեք դերասանական և նկարահանող անձնակազմի մասին։

-Խենթանում եմ թիմի համար)))։ Մեկը մեկից լավ ու հավես մարդիկ են, հաճույքով եմ աշխատում։ Նկարահանման հրապարակում միշտ հաճելի է հին ու նոր ընկերների ու  պրոֆեսիոնալների հետ աշխատանքը։ Պատկերացրեք՝ հանգստի օրերին էլ ենք միասին մի հետաքրքիր տուր կազմակերպում։ Այդ կարգի հավես ու հաճելի թիմ է։

-Մեր երկիրն այժմ դեռևս գտնվում է կարանտինի մեջ, հետաքրքիր է այն ինչո՞վ և ինչպե՞ս փոխեց ձեր կյանքը, ինքներդ ինչպե՞ս եք պաշտպանվում վիրուսից։ Ինչպե՞ս եք ձեր առօրյան կազմակերպում տանը, ինչոր հետաքրքիր տարբերակներ գտե՞լ եք։

-Կորոնավիրուսը սովորեցրեց հետևել հիգիենային և պատրաստված լինել կյանքի ամեն տեսակի իրադարձություններին։ Ես աստվածավախ մարդ եմ, աղոթում եմ։ Իսկ որպես էդպես հատուկ հակավիրուսային միջոցառումներից ոչինչ չեմ անում։ Ի շնորհիվ կարանտինի՝ ժամանակ ունեցա ավելի շատ ընտանիքիս ու ընկերներիս հետ շփվելու, հանգստացա հավեսով, մի կուշտ քնեցի))), գրքեր ունեի՝ կիսատ կարդացած, ավարտեցի, մի քանի նոր ճաշատեսակներ սովորեցի պատրաստել, ֆիլմեր նայեցի, ժամանակ ունեցա երազելու (վաղուց չէի երազել)։

Կարանտինի ընթացքում ինչի՞ն կամ ու՞մ եք ամենից շատը կարոտել։ Ունե՞ք պլաններ, որոնք նախատեսում եք անպայման իրագործել կարանտինի ավարտից հետո։

-Գործիս՝ աշխատելուն էի կարոտել։ Երևի տեսակիցս է, չեմ կարողանում չաշխատել։ Կարանտինը ավարտելուն պես տղայիս հետ գնալու ենք մանկական սրճարան ուրախանալու, խոստացել եմ։

Ո՞րն է Ձեզ համար կարանտինի ամենամեծ առավելությունն ու թերությունը։

-Ինձ համար ամենակարևորը բնության հանդեպ միայն սպառողական վերաբերմունքը փոխվեց։ Մարդիկ ավելի ուշադիր դարձան բնության ու մարդկության հանդեպ, իրենց և շրջապատի հիգիենիկ վիճակին ավելի ուշադիր դարձան։ Միակ թերությունը, ըստ ինձ, ֆինանսապես պատրաստ չէինք ոչ մենք, ոչ մեր պետությունը, իսկ այդ գիտակցումը տխուր է, որ եթե մեկ ամիս չաշխատես, չես կարող ապրել…

Կարանտինի ընթացքում ինչպե՞ս եք հետևում Ձեր կազմվածքին մարզվու՞մ եք տան պայմաններում կամ միգուցե՞ հետևում եք հատուկ սննդակարգի։

-Փայլուն եմ հետևում ընտանիքիս սննդակարգին այս ընթացքում, զարմացնում եմ ամեն օր։ Արդյունքում երեք կիլոգրամով քաշս ավելացել էր։ Ես սպորտակումբի անդամ եմ, իրավիճակի հետ կապված գնում եմ բացօթյա մարզման սրահ, իսկ 06։00-08։30 քայլում եմ։ Կարծես թե նիհարել եմ, բայց սննդակարգիս մեջ սահմանափակումներ չեմ դրել, սիրում եմ համով ուտել։

Երբևէ եղե՞լ է, որ փոշմանեք ընտրած մասնագիտության հարցում։ Եթե ոչ դերասան, ապա ուրիշ ի՞նչ մասնագիտության մեջ կցանկանայիք Ձեզ փորձել։

-Զուգահեռ փորձում եմ ամեն ինչ, ինչը ինձ որոշակի ֆինանսական կայունություն է ապահովում. ինքնաֆինանսավորվող «կառույց» եմ ու ունեմ երեխա։ Բայց իմը թատրոնն ու կինոն է, իմ հոգու ու սրտի համար է։ Ցավով եմ ասում, բայց այսօր բեմում չկամ, ընկել եմ փող աշխատելու խելքին ))), բայց գիտակցում եմ, որ մայր եմ ու իմ տղայի  կոմֆորտը պետք է հնարավորինս ապահովեմ այլ ոլորտի աշխատանքով։ Իսկ հանդիսատեսիս կարոտելու առիթ չեմ տալիս. որևէ հեռուստատեսային նախագծում միշտ զբազվածություն ունենում եմ։

Առաջիկայում ի՞նչ պլաններ ունեք։

-Հանդիսատեսը ինձ հիմա կարող է տեսնել «Խաբկանք» հեռուստասերիալում, ունեմ  նոր հեռուստատեսային նախագիծ, որը քննարկման փուլում է, կինֆորմացնեմ ընթացքում։ Նաև երկու նոր ֆոտոշարք ունեմ ու լիքը նորություններ, որոնց կարող են ծանոթանալ՝ հետևելով իմ ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին։

Հեղինակ՝ Լուս Ավագյան