գլխավոր Շոուբիզնես «Դեպի լույս»․Արմեն Դալլաքյանը շուտով կբեմադրի իր նոր ներկայացումը կարանտինի մասին

«Դեպի լույս»․Արմեն Դալլաքյանը շուտով կբեմադրի իր նոր ներկայացումը կարանտինի մասին

Ինքնամեկուսացման ընթացքում շատերը զբաղմունք են փնտրում ձանձրույթից չխենթանալու համար, սակայն դերասան Արմեն Դալլաքյանը կարողանում է արդյունավետ օգտագործել կարանտինային ռեժիմի տված հնարավորություններն ու նորություն է պատրաստել իր երկրպագուների համար։
«Կարանտինային դադարի ընթացքում ես գրեցի նոր սցենար՝ նվիրված այս ամիսներին մարդկանց սպասումներին, հույզերին, այն մասին, որ մարդիկ ցանկանում են ապրել, բայց նրանց չեն թողնում։ Աշխատանքս վերնագրեցի «Դեպի լույս»։ Հիմա վերջացրել եմ սցենարն ու սպասում եմ առաջիկա փորձերին։ Այս ներկայացմամբ նոր ճյուղ եմ սկսել՝ պատմելով, որ մարդիկ, իսկապես, հեռվացել են Աստծուց»,- Showbiz.am կայքի հետ զրույցում պատմում է դերասանը։

Արմենը նշում է, որ կարանտինի ընթացքում ուներ մի շարք ծրագրեր, որոնք ցավոք, հետաձգվեցին։
«Շատ ծրագրեր ունեի։ Իմ կինոստուդիայի շրջիկ թատերախմբի հետ պետք է մեկնեինք Վրաստան, Արցախ, Հայաստանի Հանրապետության քաղաքներ ու գյուղեր՝ ներկայացնելու մեր «Մատաղիս» ներկայացումը, բայց ցավոք, ամեն ինչ մնաց թղթի վրա։ Կարանտինից հետո կիրականացնենք այս բոլորը»,- խոստանում է երկրպագուներին արտիստը։

Դերասանն այս շրջանում նկարահանվում է «Խաբկանք» հեռուստասերիալում։ Համագործակցության առաջարկը նա ստացել է սցենարիստ Անուշիկ Պետրոսյանից։ Կարիերայում մեծ դադարից հետո Արմենը որոշեց հանդես գալ այդ հեռուստասերիալում, որովհետև կարծում է՝ արդեն ժամանակն էր։
Խոսելով հայկական սերիալների մասին՝ Արմենն ասում է․ «Այսօր սերիալների գործը դարձել է բիզնես։ Առաջ դերասանները նայում էին խաղի ոճին, նորությանը, սակայն հիմա մեծամասնությունը նայում է գումարին։ Այդ է պատճառը, որ որակն ընկել է, քանի որ ամեն երկրորդը սերիալ է նկարահանում, իսկ հսկողություն չկա»։

Արտիստը խաղում է ոչ միայն Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այլ նաև ունի իր սեփական կինոստուդիան, որի շրջիկ թատերական խմբի հետ մշտապես շրջագայում է Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Արմենը նկատում է, որ օրեցօր թատերասերների հոսքը նվազում է։
«Մարդիկ արդեն հոգնել են թե՛ հեռուստատեսությամբ, թե՛ թատրոնում տեսնել նույն դեմքերը, դա է պատճառը, որ թատերասերների հոսքը պակասում է գնալով։ Իսկ իմ շրջիկ թատերախմբում խաղում են ոչ ճանաչված դերասաններ։
Ինքս եմ ստեղծել շրջիկ թատերախմբերը, ունեմ բազմաթիվ հեղինակային ներկայացումներ։ Մենք շրջագայում ենք բազում քաղաքներով, մարզերով, գյուղերով ու ՀՀ սահմաննեից դուրս։ Հավատացեք՝ մարդիկ կարոտած էին հաճախում թատրոն, որովհետև ամեն օր հեռուստատեսությամբ երևացող նույն դեմքերը չեն»,- ասում է նա։

Ինքը՝ Արմենն, այժմ աշխատում է նաև որպես հանդիսավար։ Այն հարցին, թե ինչն է պատճառը, որ այսօր դերասաններն աշխատում են որպես հանդիսավար, իսկ երգիչները ելույթ են ունենում կորպորատիվ միջոցառումների ընթացքում, արտիստը պատասխանում է․ «Ո՞ր մի դերասանը կցանկանա լինել հանդիսավար, երգիչը՝ ռեստորանային երգիչ, ուղղակի ցավոք սրտի, էլ որտե՞ղ աշխատեն․ սերիալում քիչ են վարձատրում, թատրոնի մասին էլ չեմ խոսում, ստիպված ենք այլ գործով զբաղվել»։

Դերասանը խոստովանում է, որ ինքնամեկուսացման ընթացքում հետաքրքիր զբաղմունք է գտել․ «Մինչև կարանտինային ռեժիմի սկսվելը երազում էի 2 օր ազատ լինել, որպեսզի կարողանայի ինձ տրամադրել այգուս, այն էլ տրամադրեցի 3 ամիս։ Կարանտինի ընթացքում ինձ տրամադրել եմ բնությանը․ իմ այգում մշակում եմ ծառերը, ծաղիկները, փորձում եմ դիզայներական փոփոխություններ կատարել։ Կարանտինի ընթացքում մենք՝ մարդիկ, շատ մտածելու ժամանակ ունեցանք թե՛ կյանքի, թե՛ապրելու ու կյանքը գնահատելու մասին։ Իմ կարծիքով սա մտածված վիրուս է, որպեսզի բնությունը հանգստանա»։

Իր խոսքը Արմենը եզրափակում է պատմելով, որ մտավախությունների ու վախի պատճառով քիչ էր մնացել վնասի իր առողջությանը․ «Վախից սկսել էի շատ վիտամիններ խմել, ինչը ոչ թե օգուտ, այլ վնաս տվեց․ ինձ մոտ ալերգիա սկսվեց ու ստիպված էի, իսկապես, ինքս ինձ մեկուսացնել։ Կարանտինի ընթացքում, երբ ես կամ տան անդամներից մեկը հազում, փռշտում է, միանգամից ջերմաչափում եմ»։

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան