գլխավոր Շոուբիզնես «Փափուկ խաղալիք»-ի Մանեի դերակատար Իլոնա Մկրտչյանը՝ իր կերպարի, ընտանիքի և մյուս աշխատանքների...

«Փափուկ խաղալիք»-ի Մանեի դերակատար Իլոնա Մկրտչյանը՝ իր կերպարի, ընտանիքի և մյուս աշխատանքների մասին

«Փափուկ խաղալիք» սիթքոմի դերասանուհի Իլոնա Մկրտչյանը, ով ներկայանում է Մանեի՝ Մկրտիչ Արզումանյանի դստեր կերպարով, առաջին անգամ է հանդես գալիս հեռուստատեսային դերով։

ShowBiz.am-ի հետ զրույցում Իլոնան մեզ պատմեց սիթքոմում իր դերի, դերասանների հետ հարաբերությունների, մեկ այլ ֆիլմում խաղացած էպիզոդիկ դերի, ինչպես նաև ընտանիքի ու իր փոխհարաբերությունների մասին։

Իլոնան սովորում է Ճարտարապետության և շինարարության քոլեջում։ «Մասնագիտությամբ առայժմ դերասանուհի չեմ, բայց աշխատում եմ այդ ուղղությամբ և կարծում եմ, որ արդեն բարձրագույն կրթությունը կստանամ դերասանի մասնագիտությամբ»,- պատում է Իլոնան։

Դերասանուհին սիթքոմում հայտնվել է քասթինգի միջոցով։ Մի քանի փուլ հաղթահարելուց հետո Իլոնան հաստատվել է Մանեի կերպարում։

«Հեռուստատեսային առաջին դերս է, սակայն փորձ եմ ունեցել նկարահանվելու ռուսական «Я подарю тебе победу» ֆիլմում, էպիզոդիկ դերով ներկայացել եմ Աշխենի կերպարում։ Ֆիլմի նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Հայաստանում՝ Բջնիում, ես ևս մասնակցել եմ դրանց։ Իսկ ինչ վերաբերվում է այս սիթքոմին, ապա դերասանական և նկարահանող անձնակազմը միանշանակ պրոֆեսիոնալ մասնագետներ են, բոլորն էլ ինձ փորձում են աջակցել՝ թե՛ Անուշիկ Առաքելյանը, թե՛ Մկրտիչ Արզումանյանը և թե՛ ռեժիսոր Հարութ Խալաֆյանը»,- մանրամասնում է դերասանուհին։

Իլոնան մեր զրույցի ընթացքում նաև խոսեց իր կերպարի առանձնահատկություններից և հետաքրքիր գծերից․ «Մանեն, ի տարբերություն ինձ, ավելի ըմբոստ կերպար է։ Նա հաճախ է կոնֆլիկտներ ունենում ընտանիքի անդամների հետ։ Օրինակ՝ ես որևէ խնդիր չունեմ ընտանիքիս հետ, նրանք միշտ աջակցում են ինձ։ Ինձ նման Մանեն ևս 17 տարեկան է, այնպես որ տարիքային առումով ևս կարելի է նմանություններ գտնել մեր մեջ»։

Բացի դերասանությունից Իլոնան շատ այլ նախասիրություններ ևս ունի։ «Քանի որ սովորում եմ դիզայներություն, սիրում եմ նկարել, բացի այդ նաև երգարվեստի հանդեպ անտարբեր չեմ»,- անկեղծանում է Իլոնան։

Կարանտինային այս օրերին Իլոնան տանը չի ձանձրանում․ «Այս օրերին մենք շարունակում ենք նկարահանումները՝ իհարկե, անպայման պահպանելով անվտանգության բոլոր կանոնները»։

Չնայած նրան, որ Իլոնան դեռևս 17 տարեկան է, աշխատանքն ու պատասխանատվությունը նրան չեն վախեցնում։ «Ես տարբեր ֆոտոսեսիաների եմ մասնակցում։ Ունեցել եմ համագործակցություն «Պռե գոմեշի», «ՋԵՈՔՍ»-ի և այլ բրենդների հետ, ինչպես նաև ունեմ նոր համագործակցություն «LS» բրենդի հետ, մեկ տարի լինելու եմ նրանց գովազդային դեմքը»,- պատմում է Իլոնա Մկրտչյանը և հավելում, որ առահասարակ ինքն է փորձում հոգալ իր բոլոր ծախսերը։

Ճիշտ է՝ Իլոնան նոր է սկսել դերասանուհու իր կարիերան, սակայն հասցրել է բազմաթիվ երկրպագուներ ձեռք բերել․ «Ստանում եմ շատ դրական նամակներ, որոնցից ես ինքս շատ ոգևորվում եմ, և սկսում էլ ավելի պատասխանատու վերաբերվել իմ գործին»։

Զրույցի ընթացքում Իլոնան փորձեց նշել նաև իր այն բնավորության գծերը, որոնք օգնում կամ ընդհակառակը՝ խանգարում են իրեն իր գործում․ «Կարծում եմ՝ ինձ խանգարում է իմ չափից դուրս էմոցիոնալ լինելը։ Սակայն շատ ուրախ եմ, որ կողքիս՝ նկարահանման հրապարակում, կա այնպիսի մեծ արտիստ, ինչպիսին է Մկրտիչ Արզումանյանը, ով ինձ ամեն հարցում օգնում և աջակցում է։ Ինչպես նաև պետք է նշեմ այն փաստը, որ ես սարսափելի ինքնաքննադատ եմ։ Էկրանից ինձ հետևելով՝ ես կարող եմ ամեն անգամ նոր թերություններ գտնել իմ խաղում, սակայն դրանից հետո ամեն կերպ փորձում եմ դրանք շտկել»։

Ի տարբերություն շատերի՝ Իլոնայի ծնողները դեմ չեն նրա ընտրած մասնագիտությանը։ Նրանք ամեն կերպ աջակցում և ուղորդում են իրենց դստերը՝ իր մասնագիտության մեջ կայանալու հարցում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան