գլխավոր Շոուբիզնես «Դեռևս շատ թեմաներ կան, որոնց որոշել եմ անդրադառնալ»․Գրիգոր Դանիելյանը՝ իր նոր նախագծի...

«Դեռևս շատ թեմաներ կան, որոնց որոշել եմ անդրադառնալ»․Գրիգոր Դանիելյանը՝ իր նոր նախագծի և կարանտինի մասին

Դերասան Գրիգոր Դանիելյանը կարանտինային այս օրերին համացանցային նոր նախագիծ է սկսել՝ «Ճիշտ տարբերակ»։

Դերասանը ShowBiz.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր նոր նախագծի հետաքրքիր մանրամասները, խոսեց իր մյուս նախագծերից, ինչպես նաև անդրադարձ կատարեց կարանտինին և ընտանիքի հետ փոխհարաբերություններին։

«Այս օրերի ընթացքում, քանի որ կարանտին է, և բոլորս տանն ենք, առաջին հերթին հենց տանը պարապ չմնալու համար, որոշեցի իրականացնել այս հետաքրքիր նախագիծը։ Ես չէի կարող չանդրադառնալ նրան, որ այսօր ամբողջ աշխարհում փոխվել է մարդկանց ապրելակերպի ձևը, ու հենց մի ծրագրի ընթացքում էլ անդրադարձել եմ հեռավար դասընթացներին, քանի որ դա այսօր ակտուալ է, և ես չէի ցանկանում դա աչքաթող անել»,- պատմում է դերասանը։

Դերասանն այսօր ակտուալ և բազմիցս քննարկվող թեմաներին անդրադառնալով՝ դրանց հետաքրքիր լուծումներ է տալիս, իսկ արդյունքըտեղադրումհամացանցում։

«Այս նախագծում ամենակարևորը ձևաչափն է, պետք էր հասկանալ, թե ինչ ձևաչափով կարելի էր մատուցել այս գաղափարը։ Եվ պետք է նշեմ, որ այս ֆորմատով «Comedy Club»-ում մի քանի անգամ հանդես է եկել Սերժ Գորելին, ու ես էլ որոշեցի ներկայանալ հենց այդ ձևաչափում։ Շատ-շատ թեմաներ կան, որոնց որոշել եմ անդրադառնալ։ Ինչպես օրինակ՝ ամուսին-կին փոխհարաբերություններին, բացի այդ էլի շատ թեմաներ կան, որոնք այս օրերին շարունակում են ակտուալ մնալ»,- մանրամասնում է Գրիգոր Դանիելյանը։

Դերասանը ենթադրում է, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի և միայն կարանտինային շրջանով չի սահմանափակվի։

«Մինչ կարանտինի սկսվելը մենք մեր «TRIO Studio»-ի հետ մի շարք պլաններ ունեինք, որոնք, ցավոք սրտի, չհասցրինք իրականացնել։ Մենք մեր յութուբյան ալիքում մեր սաների հետ դեռ շատ նոր նախագծեր կիրականացնենք։ Շատ նախագծերի սցենարներ արդեն պատրաստ են, ուղղակի այս իրավիճակով պայմանավորված՝ ես որոշեցի դեռևս այս մի նախագիծը մեկնարկել, մինչև որ կսկսվեն դասերը, և մենք կսկսենք արդեն մնացածի աշխատանքները»,- պատմում է դերասանը։

Գրիգոր Դանիելյանն այժմ նաև զուգահեռ աշխատում է «Դեպի ճամբար» նախագծի երկրորդ եթերաշրջանի սցենարական աշխատանքների վրա։ Դերասանը նաև նկարահանվում է «Հարս չկա» սիթքոմում․ նախագծի նկարահանումները շարունակվում են։

Զրույցի ընթացքում Գրիգոր Դանիելյանը նաև անդրադարձավ կարանտինին և դրա արդյունքում իրենց ընտանիքում տիրող մթնոլորտին․ «Մենք արդեն սովորել ենք տնային պայմաններում ապրելուն, չգիտեմ՝ հետո ոնց ենք անելու, երբ այս ամենը կավարտվի․․․ Դե, ես ամեն դեպքում հաճախակի դուրս գալիս եմ, բայց կարող եմ ասել, որ այս պայմանները օգնեցին, որպեսզի ընտանիքիս անդամներն ավելի կապվեն միմյանց հետ։ Յուրաքանչյուրիս բացակայությունն էլ տանից մնացածների վրա իր ազդեցությունն է ունենում։ Իսկ հետո, երբ արդեն կվերադառնանք բնականոն կյանքին, այն ժամանակ էլ կփորձենք հաղթահարել այդ «ճգնաժամը»»։

Հեղինակ՝ Լուս Ավագյան