գլխավոր Շոուբիզնես «Քաջ Նազար»․ հեքիաթը և՛ մեծերի, և՛ փոքրերի համար իրական դարձավ Կ. Ստանիսլավսկու...

«Քաջ Նազար»․ հեքիաթը և՛ մեծերի, և՛ փոքրերի համար իրական դարձավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

«Քաջ Նազար»․ հեքիաթը և՛ մեծերի, և՛ փոքրերի համար իրական դարձավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի բեմում

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում փետրվարի 28-ին մեծ պրեմիերա էր․ հանդիսատեսը վայելեց Հովհաննես Թումանյանի հանրահայտ «Քաջ Նազար» հեքիաթի բեմականացումը՝ ռուսերեն լեզվով, նոր ու յուրահատուկ մոտեցմամբ, ։
Բեմադրության ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն է։

«Հովհաննես Թումանյանը  համաշխարհային դասականներից է, և «Քաջ Նազարը»  նրա ստեղծագործական բարձրակետն է հավերժ պատմություն, որը ակտուալ էր երեկ, այսօր ու ակտուալ կլինի վաղը։ Մենք ցանկանում էինք թումանյանական պատմությունից ներկայացնել պարզ ու անկեղծ մարդուն, ում ժողովուրդը մեծարեց և ճանաչեց թագավոր, որովհետև կուռքի կարիք ուներ»,- ասում է Կարեն Ներսիսյանը։

«Քաջ Նազար» հեքիաթի հիման վրա բեմադրված ներկայացումը ոչ թե պարզապես հեքիաթ է, այլ փիլիսոփայական առակ։ Բեմում այն ներկայացվեց առակի ժանրում՝ համեմված հումորով ու թատրոնի հանդեպ սիրով։ Ստացվեց ժողովրդական հեքիաթ` թարմ հայացքով, որի սցենարի հեղինակը ռուս դրամատուրգ Դմիտրի Դաշկովն է։

Ներկայացման մեջ աչքի են ընկնում գույները՝ նույնքան վառ, ինչպես հայկական խոհանոցը, բնությունն ու համեմունքները։
«Քաջ Նազար» ներկայացման նկարիչն է Սանկտ Պետերբուրգից հրավիրված Անդրեյ Զապորոժսկին, ով էլ այդ գունեղ ու ինքնատիպ դիզայնի հեղինակն է։

Showbiz.am կայքի հետ զրույցում դերասաններից Մանվել Խաչատրյանը և գլխավոր դերակատար՝ Վազգեն Հովհաննիսյանը, խոսեցին յուրահատուկ ներկայացման ուղերձի, թատերասերի ժամանակակից պահանջների և դերասանի վարպետության մասին։

Վազգեն Հովհաննիսյանը կամ նույն ինքը՝ Քաջ Նազարը, խոստովանեց, որ Կարեն Ներսիսյանի առաջարկը, դառնալ ներկայացման գլխավոր դերակատարը, իրեն բավականին զարմացրեց ու սկզբում շատ հեշտ թվաց, և միայն փորձերի ընթացքում  արտիստը հասկացավ, որ Նազարի կերպարն իրականում շատ բարդ է:

«Եթե սիրով ես անում գործդ, ապա ամեն բան էլ ստացվում է»,- ասում է արտիստը և հավելում․ «Կարիերայիս ընթացքում եղել եմ տարբեր դերերում՝ և՛ դրամատիկական, և՛ կատակերգական: Բոլոր դերերում էլ ինձ լավ եմ զգում։
«Քաջ Նազարի» պատմությունը բոլորս էլ գիտենք․
միամիտ մարդ, ով անդադար ընկնում է թյուրիմացությունների մեջ, սակայն բախտի բերմամբ, կարողանում է յուրաքանչյուր իրավիճակից չոր դուրս գալ: Ինչպես ասում եմ ես ներկայացման վերջում. «Ամեն ինչ հաջողության մեջ է»:
Ներկայացման գլխավոր ուղերձը՝ լինել բարի, կամեցող ու անկեղծ, և բախտը քեզ ամեն իրավիճակում կժպտա»։

Մանվել Խաչատրյանը, ով ոչ միայն սիրված դերասան է, այլ նաև հայտնի է «Թիվ 5 » երաժշտական խմբից, պատմեց, որ Թումանյանի այս գործն ունի բազմաթիվ ուղերձներ, սակայն բեմադրության մեջ  ռեժիսորը Քաջ Նազարին ներկայացրել է որպես բարի ու համով տղա, ում հանդիսատեսը ներկայացման ընթացքում հասցնում է սիրել, կապվել և ուրախանալ, որ վերջինս դարձավ թագավոր։

Խոսելով դերասանական պրոֆեսիոնալիզմի մասին՝ Մանվելը խոստովանում է` որն է ստեղծագործող մարդուն սպառնացող ամենագլխավոր վտանգը․ «Դերասանի ամենակարևոր հատկանիշներն են տաղանդը, աշխատասիրությունը և չհիվանդանալը։ Բայց չհիվանդանալ ոչ թե կորոնավիրուսով, այլ աստղային հիվանդությամբ։
Շատ տաղանդավոր ու աշխատասեր սուբյեկտներ, հայտնվելով անորակ սերիալներում, իրենց հռչակում են արտիստ և դադարում են գոյություն ունենալ որպես ստեղծագործող։ Դերասանն ամեն վայրկյան պետք է աշխատի ու կատարելագործվի»
։

Իսկ ինչ վերաբերում է թատերասերի յուրահատուկ պահանջներին՝ Մանվելն ասում է․«Դերասանը չպետք է մտածի, թե ինչ թեմաներ է նախընտրում հանդիսատեսը։ Հերիք է լինել պարզ, ազնիվ ու անկեղծ, և հանդիսատեսը հաղորդակից կդառնա այդ ստեղծագործությանը։ Իսկ եթե ռեժիսորը սկսի մտածել հանդիսատեսին հաճոյանալու մասին, ապա վերջ՝ պարտությունն անխուսափելի է։
Կարծում եմ, որ շուտով ավելի պահանջված կլինեն լուրջ ու դասական ստեղծագործությունները՝ ժամանակակից մոտեցմամբ։ Իսկ կատակերգություններն ավելի շատ ցուցադրվում էին, երբ երկրում ամեն ինչ տխուր էր․ հիմա օրեցօր ամեն բան ուրախ է դառնում»։

«Պետք է ցավով հայտնեմ, որ այսօր հանդիսատեսը նախընտրում է միայն կոմեդիա»,- ասում է  դերասան Վազգեն Հովհաննիսյանն ու բացատրում ,- «Այսօր ժողովրդի կյանքը բարդ է դարձել, և նրանք նախընտրում են գեթ մի քանի ժամ կտրվել այդ ամենից, որովհետև դրամա դիտելուց հետո ավելի կտխրեն»։

Սակայն Վազգենը դեմ չէ, որպեսզի կատակերգությունների ժանրը գերիշխող լինի բեմադրությունների ցանկում։

«Չէ՞ որ մենք ժողովրդի համար ենք աշխատում»,- ասում է նա։

Իսկ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում պրեմիերաները շարունակվում են․սպասվում են մի շարք պրեմիերաներ և շրջագայություններ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Գարնանային պրեմիերաները կբեմադրվեն՝ Լեոնիդ Զորինի «Վարշավյան մեղեդի», Չեխովի «Բալի այգին» և Դոստևսկու «Խեղճ մարդիկ» ստեղծագործությունների հիման վրա:

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան