գլխավոր Քաղաքականություն Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է ԼՂ հարցով Մոսկվայի և Անկարայի միջև եղած...

Թուրքիայի խորհրդարանի խոսնակն անդրադարձել է ԼՂ հարցով Մոսկվայի և Անկարայի միջև եղած տարաձայնություններին

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը հայտարարել է, որ Մոսկվայի և Անկարայի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով եղած տարաձայնությունները երկու պետությունների հարաբերությունների վատացման չեն հանգեցնի: Շենթոփն այս մասին ասել է  «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը։

«Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները հարուստ պատմական ժառանգություն ունեն, դրանք մեկ անգամ չէ, որ փորձությունների են ենթարկվել: Սակայն թուրք և ռուս ժողովուրդների փոխադարձ ցանկության և  երկկողմ քաղաքական ինտենսիվ երկխոսության շնորհիվ մենք մշտապես կարողացել ենք հաջողությամբ լուծել ծագած տարաձայնությունները: Նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ երկու երկրները  ռազմավարական գործընկերության ստեղծման հարցում մեծ առաջընթաց են գրանցել»,- նշել է Շենթոփը և հավելել, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցով երկու երկրների արտգործնախարարները սերտ կապի մեջ են։

«Մենք որպես հարևան երկրներ, անշուշտ, կարող ենք շատ հարցերի շուրջ ընդհանուր շահեր կամ տարաձայնություններ ունենալ։ Սակայն մեր դրական օրակարգը, համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղությունն ու բարգավաճումը չպետք է զոհաբերվեն այդ վեճերի պատճառով»,- հավելել է խոսնակը: 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։