
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի աջակցությունը ՌԴ նախաձեռնած բանակցություններին Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հնարավորություն է տալիս, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Սա Ռուսաստանի նախագահի հզոր նախաձեռնությունն է, ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցություններին վերադառնալու հնարավորություն»,- ֆեյսբուքյան իր էջում է գրել Կոսաչովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն այս փուլում իր առաքելությունը լիովին իրականացրել է:
«Այժմ ամեն բան կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների քաղաքական կամքից։ Մոսկվայում համապատասխան նախարարների մասնկացությամբ այսօր տեղի ունենալիք խորհրդակցությունները շատ կարևոր են․ բարի երթ»,- եզրափակել է Կոսաչովը։
Ավելի վաղ Կրեմլը հաղորդել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 9-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հրավիրել է Ռուսաստան՝ Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդակցությունների անցկացման նպատակով: Հինգշաբթի Պուտինը կոչ էր արել մարդասիրական դրդապատճառներով դադարեցնել Ղարաբաղում տեղի ունեցող մարտերը, որպեսզի հնարավոր լինի մահացածների և գերիների մարմինների փոխանակում իրականացնել: Այսօր էլ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Բաքուն և Երևանը հաստատել են իրենց մասնակցությունը Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին․ նրա խոսքերով՝ այս հանդիպման համար «ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։
Հոկտեմբերի 9-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, 4 «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:
Հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 387 զոհ։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում սպանվել է 20 քաղաքացիական անձ, վիրավորվել է 93 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 5800 գույք ու ենթակառուցվածք։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։