գլխավոր Գլխավոր «Իմ քայլը» առաջարկում է կամավորագրվողների աշխատատեղը պահպանելու հնարավորություն ստեղծել

«Իմ քայլը» առաջարկում է կամավորագրվողների աշխատատեղը պահպանելու հնարավորություն ստեղծել

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»ի փոխանցմամբ՝ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է կարգավորել զինծառայության բոլոր դեպքերում աշխատողի ու գործատուի միջև իրավահարաբերությունները:

«Այս նախագիծը միտված է զինվորական ծառայության բոլոր տեսակների հետ կապված հարաբերությունները կարգավորելուն, որն առաջանում է աշխատողի և գործատուի միջև՝ աշխատողին զինվորական ծառայության զորակոչելու դեպքերում: Այժմ կարգավորում կա միայն պարտադիր զինծառայության հետ կապված հարաբերություններում, սահմանվում է, որ նշված դեպքում գործատուն աշխատանքային պայմանագիրը լուծում է: Մնացած դեպքերում, երբ խոսքը վերաբերում է զորահավաքային զինծառայությանը, զորավարժություններին մասնակցելուն, կամավորագրվելուն ու մի շարք այլ դեպքերին, կարգավորումները բացակայում են»,- ասաց Տիգրանյանը:

Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ, ըստ նախագծի, կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ: