
«Իմ քայլը» խմբակցության ազգությամբ ասորի պատգամավոր Արսեն Միխայլովը հայտնել է, որ այս դժվարին պահին, ինչպես և միշտ, ասորական համայնքը հայ ժողովրդի կողքին է: Այս մասին Միխայլովն ասել է խորհրդարանի արտահերթ նիստի ընթացքում:
«Հայաստանի ասորական համայնքը, առաջին օրվանից, երբ ադրբեջանա-թուրքական ահաբեկչական դաշինքը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, եղել է հայ ժողովրդի կողքին: Ոչ միայն այսօր ենք մենք իրար կողքի, այլև դարերից եկած է այս բարեկամությունը, միասնաբար մենք անցել ենք թուրքական նույն ձեռագրով ցեղասպանություններով: Ամբողջ աշխարհի ասորական հանրությունն իր ձայնն է բարձրացրել ու սատարել է հայ ժողովրդին այս դժվարին օրերին: Մենք միշտ միասնական ենք, միասնական կլինենք ու միշտ հաղթելու ենք»,- ասել է Միխայլովը:
Պատգամավորը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ասորական համայնքների կողմից մոտ 6 հազար դոլար է փոխանցվել արցախցիների ու զինվորների կարիքներին ուղղված հիմնադրամին: