գլխավոր Իրադարձային Արման Թաթոյանի առաջարկով Մարդու իրավունքների ակադեմիա կստեղծվի

Արման Թաթոյանի առաջարկով Մարդու իրավունքների ակադեմիա կստեղծվի

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի առաջարկով և ԵՄ-ի ֆինանսավորմամբ առաջիկա 2 տարիներին կստեղծվի Մարդու իրավունքների ակադեմիա Օմբուդսմանի աշխատակազմում, կստեղծվեն մարզային նոր ստորաբաժանումներ և կուժեղացվեն եղածները։ Թաթոյանն այդ մասին գրել է Facebook–ի իր էջում։

Նրա խոսքով` Մարդու իրավունքների ակադեմիան կդառնա դարձնել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների, օրինագծերի փորձաքննության, պետական մարմինների տարբեր ծառայողների, ՀԿ-ների մասնագետների վերապատրաստման, ՍԴ դիմումների մշակման և այլ հարցերի գերազանցության կենտրոն։

«Այս գաղափարով էր պայմանավորված, որ դեռ 2016 թվականին մեր աշխատակազմում ստեղծեցի Հետազոտական և կրթական կենտրոնը`որպես Մարդու իրավունքների ակադեմիայի նախատիպ: Այն այս բոլոր 6 տարիների ընթացքում առաջ ենք տարել հենց այդ սկզբունքով»,– նշել է Թաթոյանը:

ՄԻՊ–ը նշել է, որ ծրագրի նպատակներն իրականացվելու են երեք բաղադրիչների միջոցով, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության բարեփոխումների և սահմանադրական բարեփոխումների ոլորտում ազգային առաջնահերթությունների վրա։Հիշեցնենք` ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։

ՀՀ Ազգային ժողովը հունվարի 24-ին փակ գաղտնի քվեարկությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ընտրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած թեկնածուին` ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին։