գլխավոր Միջազգային Մենք կարևորում ենք միասնական գրասենյակների առկայությունը. Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարարի...

Մենք կարևորում ենք միասնական գրասենյակների առկայությունը. Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հրավերով Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով ժամանել է Հայաստան։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Վրաստանի արդարադատության նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Կարեն Անդրեասյանին՝ հրավերի համար։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և նախարար Ռատի Բրեգաձեն հանդիպման ընթացքում քննարկել են դատական ակտերի հարկադիր կատարման, հանրային ծառայությունների մատուցման ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքը, Վրաստանում գործող «Արդարադատության տներ»-ի փորձառությունը Հայաստանում տեղայնացնելու հնարավորությունը, բարեփոխումների ուղղությունները նախանշելուն ինչպես նաև հայ-վրացական 4-րդ իրավական ֆորումը Վրաստանում կազմակերպելուն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում երկու երկրների միջև ստորագրվել է արդարադատության բնագավառում համագործակցության հուշագիր։

Կարեն Անդրեասյանը ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է միասնական գրասենյակների դերը, որտեղ մեր երկրների քաղաքացիները ստանում են բոլոր հանրային ծառայությունները:

Վրաստանի արդարադատության նախարարը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել փաստաթղթերի կեղծման դեմ պայքարի ուղղությամբ, դա հնարավորություն կտա երկու երկրի քաղաքացիների իրավունքները պաշտպանել:

Վրաստանի և Հայաստանի նախարարները պայմանավորվել են նաև Վրաստանում փետրվարին հայ և վրացի իրավաբանների համագումար անցկացնել:

Երկկողմ հանդիպումից հետո երկու երկրների նախարարներն այցելել են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիր, որտեղ կայացել է վրացական Պրոբացիոներների էլեկտրոնային վերահսկման և ծառայությունների ապահովման ինովացիոն տեխնոլոգիական սարքերի, ինչպես նաև Վրաստանում գործող հանրային միասնական ծառայությունների մատուցման Մոբիլ սրահի և հողի գրանցման համակարգի ցուցադրությունը։