գլխավոր Իրադարձային Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում. Ձերբակալվել է սպանված կնոջ ամուսինը

Առանձին դաժանությամբ սպանություն Վանաձորում. Ձերբակալվել է սպանված կնոջ ամուսինը

Այսօր առավոտյան Վանաձորի բնակարաններից մեկում քննչական-օպերատիվ խումբը հայտնաբերել էր այդ տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին։ Այս մանրամասներ է հայտնում ՀՀ քննչական կոմիտեն։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում 69-ամյա կնոջ՝ առանձին դաժանությամբ սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով 2022թ. հունվարի 26-ին՝ ժամը 10:02-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը բնակարանում կատարված զննությամբ հայտնաբերել է նույն տան՝ 1952թ. ծնված բնակչուհու մասնատված դին, իսկ տան բակում՝ վերջինիս ոտքերի՝ ծնկահոդերից ներքև ընկած հատվածները, աղբամանում՝ կնոջ հագուստը, արնանման հեղուկի նմանվող հետքով դանակ, կացին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նույն օրը դեպքի վայրից բերման է ենթարկվել և ձերբակալվել սպանված կնոջ՝ 1945թ. ծնված ամուսինը և որպես կասկածյալ հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առգրավվել են կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատագենետիկական, դատաքրեագիտական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք վկաներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հետաքննության մարմնին տրվել են հանձնարարություններ»,-ասված է հաղորդագրության մեջ: