գլխավոր Քաղաքականություն Հայաստանն աշխարհին Ազնավուր է տվել, իսկ Թուրքիա՞ն. ավարտվեց Փարիզում հայ համայնքի ցույցը

Հայաստանն աշխարհին Ազնավուր է տվել, իսկ Թուրքիա՞ն. ավարտվեց Փարիզում հայ համայնքի ցույցը

Փարիզում Թուրքիայի դեսպանատան դիմաց այսօր բազմահազարանոց բողոքի ակցիա անցկացվեց: Ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին հայկական եռագույնով, «Արցախը Հայաստան է» գրությամբ պաստառներով՝ աջակցություն հայտնելու Արցախին:

Ցուցարարները վանկարկում էին «Հաղթելու ենք»: Համայնքի առավել ակտիվ ներկայացուցիչները նշեցին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ահաբեկչական երկրներ են, իսկ Արցախը դեռ 30 տարի առաջ է ապացուցել, որ ազատ և անկախ լինելու իրավունք ունի:

«Հայաստանը Ֆրանսիային և աշխարհին Շառլ Ազնավուր, Միսաք Մանուշյան է տվել, իսկ Թուրքիա՞ն։ Նրանք չունեն այդպիսի մարդիկ։ Մի՞թե աշխարհը սա չի տեսնում»,– հայտարարեց համայնքի ներկայացուցիչ Ավետիս Ավետիսյանը։

Նա ընդգծեցհամայնքի ներկայացուցիչները հավաքվել են «ոչ» ասելու նոր ցեղասպանությանը։ Նրա խոսքով մենք այլևս այն հայերը չենք, որոնց 105 տարի առաջ տանում էին Դեր–Զորի անապատներով։

Ավետիսյանը նաև շեշտեց, որ իրենք բոլորը թիկունքի զինվոր են։ Ե՛վ Հայաստանը, և՛ առաջնագծում կռվող զինվորները պետք է զգան այն ուժը, որ սփյուռքն է ներկայացնում։ Նա կոչ արեց բոլորին, ովքեր դեռ նվիրատվություն չեն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին, փոխանցում անել, իսկ ովքեր արդեն մասնակցել են համահայկական դրամահավաքին, կրկնեն իրենց նվիրատվությունը։