գլխավոր Իրադարձային Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Մոսկվա

Վրաստանից ուղիղ չվերթներ կիրականացվեն դեպի Մոսկվա

«Georgian Airways»-ը Թբիլիսի-Մոսկվա-Թբիլիսի ուղիղ չվերթ է նշանակել։ Ավիաչվերթը կիրականացվի հունվարի 28-ին։ Այս մասին տեղեկություն է տարածվել ավիաընկերության ֆեյսբուքյան էջում, գրում է Jnews-ը։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնի է դառնում մեկնաբանություններից, այս պահին սա միակ պլանավորված ուղիղ չվերթն է դեպի Ռուսաստան, հյուսիսային հարեւանի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկություններ չկան։

«Georgian Airways»-ը դեռ պարզաբանում չի կատարել։ ՌԴ-ի հետ հաղորդակցության հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նույնպես չկարողացավ պատասխանել, թե կոնկրետ ինչի հետ է կապված մեկանգամյա ուղիղ ավիաչվերթը։ Նրա խոսքով՝ դեպի Ռուսաստան ավիաչվերթները պաշտոնապես չեն վերականգնվել։

Անցյալ շաբաթ ՌԴ ԱԳՆ-ն հիշեցրել էր, որ ռուսական ավիաընկերությունների՝ Ռուսաստանից Վրաստան քաղաքացիների ավիափոխադրումներ իրականացնելու արգելքը ժամանակավոր է, և Մոսկվան բազմիցս նշել է դրա չեղարկման պայմանները։

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթներն ընդհատվել էին 2019 թվականի ամռանը՝ այսպես կոչված, «Գավրիլովի գիշերվա» իրադարձություններից հետո։