գլխավոր Իրադարձային Երևանի ևս մեկ փոխքաղաքապետ է հրաժարվել պաշտոնից

Երևանի ևս մեկ փոխքաղաքապետ է հրաժարվել պաշտոնից

Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ-Մելքոմյանը հրաժարական է ներկայացրել։ Նա գրառում է արել Facebook–ի իր էջում։

«Երեկ վերջին աշխատանքային օրս էր Երևանի քաղաքապետարանում։ Վերջին երեք տարում նախ որպես ավագանու անդամ, ապա քաղաքապետի տեղակալ իմ առավելագույն կարողությունները գործադրել եմ՝ արդարացնելու ինձ տրված մանդատն ու վստահությունը։ Եվ աշխատանքս կատարել եմ մեծ սիրով ու նվիրումով։ Հաջողությամբ իրականացված ծրագրերում անգնահատելի եմ համարում հատկապես ավագանու լավագույն գործընկերներիս ներդրումը, որոնցից ոմանք, ցավոք, վայր դրեցին մանդատները»,-գրել է նա։

Մելքոմ-Մելքոմյանն ափսոսանք է հայտնել իրեն վստահված ոլորտներում կիսատ մնացող ծրագրերի ու բարեփոխումների համար։ Սակայն իրերի «այս դրության պայմաններում» Երևանի քաղաքապետարանում իր հանրային ծառայության ավարտը համարում է տրամաբանական և օրինաչափ։
Գայանե Մելքոմ-Մելքոմյանը Երևանի փոխքաղաքապետ էր նշանակվել 2020-ի դեկտեմբերին։ Նա «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակով Երևան քաղաքի ավագանու անդամ էր ընտրվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում:

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 22-ին փոխքաղաքապետի պաշտոնից ազատել էր Սերգեյ Ներսեսյանին, այսօր Սերգեյ Հարությունյանին: