գլխավոր Միջազգային Ֆրանսիայի ԱԳ նախարարը գործընկերներին կոչ է արել անել ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ...

Ֆրանսիայի ԱԳ նախարարը գործընկերներին կոչ է արել անել ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար

Ֆրանսիան Եվրամիության եւ Հյուսիսատլանտյան դաշինքի գործընկերներին կոչ է անում անել անհրաժեշտ ամեն ինչ՝ Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու համար: Նման հայտարարությամբ Ֆրանսիայի Սենատում հանդես է եկել հանրապետության արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ես չեմ թաքցնի, որ իրավիճակը շատ լարված է, – ասել է նախարարը։ – Եմ-ի և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ մենք ձգտում ենք կանգնեցնել այդ էսկալացիան»։ «Մենք միասնական ենք այն հարցում, ինչ վերաբերում է լայնածավալ պատժամիջոցների անհրաժեշտությանը՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության դեպքում։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, պետք է անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակվի և որպեսզի մենք կարողանանք նպաստել ապալարվածությանը», – հայտարարել Է Լե Դրիանը՝ հիշեցնելով, որ չորեքշաբթի Փարիզում տեղի է ունենալու նորմանդական ձևաչափի երկրների քաղաքական խորհրդականների հանդիպումը (Գերմանիա, Ռուսաստան, Ֆրանսիա և Ուկրաինա):

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանին Ֆրանսիայի նախաձեռնությամբ տարբեր ձեւաչափերի շրջանակում այլ առաջարկներ էլ կարվեն։ Այժմ քննարկումներ են ընթանում դրա շուրջ», – ասել է ԱԳ նախարարը։