գլխավոր Իրադարձային Արցախի ՄԻՊ-ն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Շուշիի եկեղեցում վիրավորված լրագրողներին

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին այցելել է հիվանդանոց՝ ճշտելու համար ադրբեջանական զինված ուժերի կողմից Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն հասցրած հարվածից տուժած երեք օտարերկրյա լրագրողների առողջական վիճակը և դեպքի հանգամանքները:Այս մասին տեղեկացնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը։


Նշվում է, որ հիվանդանոցի ղեկավարությունը Պաշտպանին տեղեկացրել է, որ դեպքից տուժել են երեք ՌԴ քաղաքացի լրագրողներ, որոնցից մեկի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ երկուսինը՝ ծանր: Պաշտպանը պարզել է, որ հարվածի պահին լրագրողները մասնագիտական աշխատանք էին կատարում եկեղեցում՝ լուսաբանելով եկեղեցուն հասցված առաջին հարվածի հետևանքները:
Դեպքի վայրում ներկա տարբեր քաղաքացիների ու լրագրողների վկայությամբ՝ հարվածի նախընթաց շրջանում եկեղեցու գլխավերևում անօդաչու թռչող սարք էր պտտվում, որն էլ այնուհետև հարվածել է եկեղեցուն: Այդ փաստերը հստակ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի համար տեսանելի է եղել, որ հարվածում են եկեղեցուն և որ ներսում առկա էին տարբերանշանով լրագրողներ: Հետևաբար, անվիճելի է, որ Ադրբեջանը դիտավորյալ ու թիրախային հարված է հասցրել լրագրողներին ու եկեղեցուն: Ավելին, փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ ադրբեջանական զինված ուժերը հրթիռակոծել են նաև Շուշիի մզկիթի շրջակայքը:
Խստագույնս դատապարտելով լրագրողների և եկեղեցու հերթական դիտավորյալ թիրախավորումը Ադրբեջանի կողմից՝ ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանը դրանք որակում է որպես պատերազմական ու մարդկության դեմ հանցագործություններ: Պաշտպանը հորդորում է միջազգային իրավապաշտպան կառույցներին համապատասխան գնահատական տալ այդ դեպքին և միջոցներ ձեռք առնել մեղավորներին պատժելու ուղղությամբ: