
Թոքաբորբ. թոքային հյուսվածքի բորբոքում: Կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: Կարող է ընդգրկել թոքի մեկ բլթի մեկ սեգմենտից մինչև` ամբողջ թոքը:
Թոքերը զույգ օրգաններ են, տեղակայված կրծքավանդակի խոռոչում: Աջ թոքը կազմված է 3, իսկ ձախը՝ 2 բլթերից: Յուրաքանչյուր բիլթ կազմված է ավելի փոքր հատվածներից, որոնք կոչվում են սեգմենտներ: Սեգմենտներն էլ ունեն ենթաբաժանումներ: Թոքային հյուսվածքի ամենափոքր կառուցվածքային միավորը կոչվում է ացինուս: Այն բաղկացած է փոքրիկ բրոնխիոլից և ալվեոլներից: Ալվեոլները կիսագնդաձև պարկիկներ են, որոնցում էլ հենց տեղի է ունենում գազափոխանակությունը: Թթթվածինն անցնում է թոքերից արյունատար հուն: Ածխաթթու գազն արյունից անցնում է դեպի թոքերի խոռոչ: Այստեղից հետագա արտաշնչումով ածխաթթու գազն անցնում է արտաքին միջավայր:
Թոքաբորբի տեսակներն ըստ պատճառների
Ըստ առաջացնող պատճառի, տարբերում են վիրուսային, բակտերիալ, սնկային թոքաբորբեր: Մեծահասակների մոտ առավել տարածված են բակտերիալ թոքաբորբերը: Որքան ծանր է բորբոքային պրոցեսն ընթանում, այնքան ավելի մեծ ծավալով հյուսվածք է ներգրավվում պրոցեսի մեջ: Առավել վտանգավոր են այն թոքաբորբերը, որոնց ընթացքում բորբոքային պրոցեսի մեջ ընդգրկվում են մի քանի բիլթ կամ նույնիսկ ողջ թոքը: Նման ընթացքի դեպքում շնչառական ծավալը կտրուկ նվազում է և կարող է վրա հասնել սուր շնչական անբավարարություն: Թոքաբորբի դեպքում ացինուսներում կուտակվում է բորբոքային հեղուկ: Այդ հեղուկը դժվարացնում է գազափոխանակությունը` մեծ հաշվով շնչառությունը:
Հիմնական ախտանշանները
Առավել հաճախ հանդիպում են՝
- Հազ (սկզբնական շրջանում չոր, հետագայում առատ խորխարտադրությամբ)
- Տենդ, դողէրոցք և առատ քրտնարտադրություն
- Շնչարգելություն, շնչառության դժվարացում, հաճախաշնչություն
- Ցավեր կրծքավանդակում
Տարիքից և թոքաբորբի պատճառից կախված ախտանիշները կարող են տարբեր լինել:
Թոքաբորբն առավել վտանգավոր է վաղ մանկական հասակում և տարեցների մոտ: Մինչև 5 տարեկան երեխաների մոտ առաջատար ախտանիշը լինում է հաճախացած շնչառությունը, տարեցների մոտ հաճախ գրանցվում է մարմնի ջերմաստիճանի նվազում: Երեխաների մոտ կարող են նկատվել ընդհանուր ինտոքսիկացիայի երևույթներ՝ փսխում, աշխուժության անկում, ախորժակի նվազում:
Վիրուսային թոքաբորբերը կարող են սկսվել հարբուխի նման: Ջերմության բարձրացումը կարող է գրանցվել 12-36 ժամ անց: Բակտերիալ թոքաբորբը սկսվում է բուռն` ջերմաստիճանի կտրուկ բարձրացումով, ջերմությունը կարող է հասնել 40°C-ի, նույնիսկ` 41-42-ի: Կարող է ուղեկցվել խիստ արտահայտված թուլությամբ և առատ քրտնատրադրությամբ:
Թոքաբորբի տեսակները ըստ հարուցչի տեսակի
Բակտերիալ թոքաբորբերն առավել հաճախ հարուցում են Streptococcus pneumoniae, Chlamydia pneumoniae, որոշ դեպքերում նաև Legionella pneumoniae միկրոբները:
Վիրուսային թոքաբորբերը հիմնականում հանդիպում են երեխաների և տարեցների մոտ: Բակտերիալ թոքաբորբերի համեմատ սրանք ավելի մեղմ ընթացք ունեն:
Միկոպլազմային թոքաբորբերը հիմնականում հանդիպում են դեռահասների և մեծահասակների շրջանում: Միկոպլազմաները իրենց կառուցվածքով նման են և՛ վիրուսներին, և՛ բակտերիաներին:
Սնկային թոքաբորբերը հանդիպում են նվազ իմուն համակարգ և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մոտ:
Հատկանշական է
Թոքաբորբերը դասակարգվում են նաև ըստ վարակման վայրի: Տարբերում են «ներհիվանդանոցային» և «արտահիվանդանոցային» թոքաբորբեր: «Ներհիվանդանոցային» թոքաբորբերը ձեռք են բերվում հիվանդանոցում և սովորաբար ավելի ծանր են ընթանում: Հիվանդանոցում` հիվանդների օրգանիզմում միկրոբները կայությություն են ձեռք բերում հակաբիոտիկների հանդեպ: Այդ միկրոբները դրսևորում են առանձնահատուկ կայություն:
Ովքեր են ռիսկի տակ
Թոքաբորբ. հիվանդություն է, որով կարող են հիվանդանալ բոլորը, սակայն որոշ գործոններ մեծացնում են հիվանդնանալու հավանականությունը՝
- Մանկական (նորածնից մինչև 2 տարեկան) և տարեց (65 տարեկանից բարձր) հասակը
- Անկողնային երկարատև ռեժիմը
- Թուլացած իմուն համակարգը
- Հորմոններով երկարատև բուժումը
- Մեծ քանակով ծխախոտ կամ ալկոհոլ օգտագործելը
- Որոշ քրոնիկ հիվանդություններ՝ ասթմա, շաքարային դիաբետ, սրտային անբավարարություն և այլն
Ախտորոշումը
- թոքերի աուսկուլտացիա ֆոնենդոսկոպով (բժիշկը լսում է թոքերում շնչառության վիճակը, նորմայից դուրս աղմուկների առկայությունը և այլն)
- կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն (թոքաբորբի հաստատման համար ոսկե ստանդարտ է)
- արյան ընդհանուր քննություն, արյան թթվածնով հագեցվածության որոշում
- խորխի քննություն
- անհրաժեշտության դեպքում խորացված հետազոտություններ՝ համակարգչային շերտագրում, բրոնխոսկոպիա և այլն
Բուժումը
Թոքաբորբի բուժումը կախված է հարուցչի տեսակից և հիվանդության ծանրության աստիճանից: Հարուցիչով պայմանավորված նշանակվում են հաբիոտիկներ, հակասնկային կամ հակավիրուսյաին պրեպարատներ: Բացի նշվածներից, համալիր բուժման մեջ ներառում են հակաբորբոքային, հակաալերգիկ, խորխաբեր և այլ օժանդակ դեղամիջոցներ: Հիվանդության ծանրության աստիճանից ելնելով՝ թոքբորբը հնարավոր է բուժել կամ տան պայմաններում կամ հիվանդնաոցում: Հոսպիտալացում պահանջում են հատկապես միջինից ծանր աստիճանի թոքաբորբերը, երբ մեծ ծավալով թոքային հյուսվածք է ընդգրկված լինում բորբոքային պրոցեսի մեջ և անհրաժեշտություն է լինում անմիջական բժշկական, իսկ երբեմն նաև գործիքային հսկողություն (շնչառական ֆունցկիայի վերահսկում, հավելյալ թթվածնի ստացում և այլն):
Թոքաբորբ. բարդություններից են՝
- Բակտերեմիան. միկրոբները թոքաբորբի օջախից արյան միջոցով տարածվում են ամբողջ օրգանիզմում, ինչը կարող է բարդանալ սեպտիկ շոկով և օրգանային անբավարարությամբ
- Թոքի աբսցես. այս դեպքում թոքաբորբը բարդանում է թոքի մեջ թարախակույտի առաջացումով
- Սուր շնչական անբավարարություն. ծանր բարդություն է, պահանջում է անմիջական ու շտապ բժշկական միջամտություն
- Պլևրիտ. այս դեպքում բորբոքային պրոցեսը թոքային հյուսվածքից անցնում է թոքը ծածկող թերթիների՝ թոքամզի կամ պլևրայի վրա: Պլևրայի երկու թերթիկների միջև կուտակվում է բորբոքային հեղուկ, ինչը վատթարացնում է թոքաբորբի ընթացքը
- Մահ. ծայրահեղ ծանր դեպքերում, կապված քրոնիկական հիվանդությունների սրացման, իմունային համակարգի խիստ ընկճման, երբեմն նաև բուժման ուշ սկսման հետ պատահում են նաև մահացու ելքեր