
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություններ են կատարվել: Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:
«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվել է նոր կետերով, որոնք սահմանում են.
«Պետական
և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական
դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն
առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները)
քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ
այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:
Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության
պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ
թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության
պաշտպանունակությունը
կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը»:
Որոշման մեջ նշվում է, որ նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ
հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
«Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ
ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների և տեղեկությունների
վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող,
ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր
առգրավում կամ կալանք»:
Նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակելուց հետո՝ անմիջապես: