գլխավոր Իրադարձային Կիեւում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 20 մասնակցի, որոնք փորձել են գրոհել...

Կիեւում ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 20 մասնակցի, որոնք փորձել են գրոհել Ռադան

Ուկրաինայի ոստիկանությունը սկսել է ձերբակալել գործարարների իրավունքների համար ակցիայի մասնակիցներին, որոնք փորձել են գրոհել Գերագույն ռադայի շենքը, ներկայում ձերբակալվել է առնվազն 20 մարդ: Այս մասին երեքշաբթի հայտնել Է PavlovskyNews պարբերականը իր Telegram-ալիքում։

Նշվում է, որ բոլոր ձերբակալվածներին խուզարկել են, այնուհետև նստեցրել ոստիկանական ավտոբուս և տարել անհայտ ուղղությամբ: Ներկայումս ցուցարարները կրկին Ռադա մտնելու փորձեր են ձեռնարկում։ Ոստիկանության պատնեշները դեռ թույլ չեն տալիս նրանց դա անել։ Նախորդ բախումների ընթացքում ցուցարարներին հաջողվել է ճեղքել պատնեշը եւ նրանք գրեթե ընդհուպ մոտեցել են խորհրդարանին:

Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են ակցիայի կազմակերպիչներից մեկի՝ գործարարների իրավունքների համար հասարակական շարժման առաջնորդ Սերգեյ Դորոտիչի, ձերբակալության մասին, սակայն առայժմ այդ տեղեկությունը չի հաստատվել իշխանության ներկայացուցիչների կողմից: Ցուցարարները հայտարարում են, որ «մտադիր չեն կանգ առնել», քանի դեռ չեն հասել պատգամավորների հետ հանդիպմանը։

Ավելի վաղ երեքշաբթի օրը փոքր եւ միջին բիզնեսի մի քանի հարյուր ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել Գերագույն ռադայի շենքի մոտ՝ պահանջելով ընդունել օրենքներ, որոնք կհեշտացնեն նրանց աշխատանքը: Պահանջների թվում է՝ չեղարկել ՀԴՄ-ների պարտադիր օգտագործումը։