գլխավոր Գլխավոր Այս պահին թեժ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

Այս պահին թեժ մարտեր են ընթանում. Արծրուն Հովհաննիսյանի ասուլիսն՝ ամփոփ

. Այս պահին համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ։

. Եթե ընդհանուր առմամբ ամփոփենք ադրբեջանական ագրեսորների հարվածները քաղաքացիական բնակչությանը միայն Արցախում, ունենք հետեւյալ պատկերը․ ունենք 93 վիրավոր, որից միայն 20-ը՝ թեթեւ կամ միջին ծանրության, մյուսների վիճակը՝ ծանր։ Կա 20 զոհված։ Հիմնովին կամ մասնակի ավերվել է 4600 անշարժ գույք, 430 մասնավոր շարժական գույք շարքից դուրս է եկել, 750 տարբեր տեսակի ենթակառուցվածքներ, հանրային օբյեկտներ։ Այս տվյալներում ամփոփված չեն երեկ գիշեր եւ այսօրվա ցուցանիշները։

. Թշնամին լավ գիտի, որ Արցախում աշխատում են նաեւ միջազգային լրագրողներ, բայց անտեսելով դա՝ թիրախավորում են նրանց։ Մինչ այս նաեւ Մարտունիում էր դեպք եղել, երբ վիրավորվել էր ֆրանսիական թերթի լրագրողը։ Հակառակորդը ուղղակի կրակում է խաղաղ բնակչության ուղղությամբ ու վերջ։ Ստեփանակերտն ու Շուշին մեծ քաղաքներ չեն, եւ շատ լավ հայտնի է՝ որտեղ ինչ կա։ Ուզում եմ որ ամբողջ աշխարհն իմանա սրա մասին։

. Ոչ մի բանակի սպառազինություն այսպիսի ինտենսիվ մարտական գործողությունների մեջ կիրառելիս անսպառ չէ, եւ ինչքան էլ զուգահեռ մատակարարումներ իրականացնես, չես կարող այս կորուստները նույն տեմպով վերականգնել։ Առաջին հինգ օրերի ընթացքում հակառակորդի կորուստների տեմպերը չափազանց բարձր էին, հիմա անկում են ապրում, որովհետեւ այդքան տեխնիկա չկա, որ նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա ավելի շատ կիրառում են հրետանի։ Փորձում են համառորեն շարունակել իրենց ցեղասպան, տեռորիստական գործողությունները։ Ինչքան կտեւի սա՝ բարդ է կանխատեսել։

. Հակառակորդի սպառազինության մեծ մասն ադրբեջանական է՝ խորհրդային ռուսական արտադրության, որից օգտվում ենք նաեւ մենք, սպառազինության բարձր տեխնոլոգիական տոկոսը պատկանում է իսրայելայան արտադրությանը, այս նույն ոլորտում կա նաեւ թուրքական մասնաբաժինը, հրետանային միջոցներում եւս կա թուրքական արտադրության մաս։

. Մեզ մոտ, շնորհիվ մեր բժշկական ծառայության փայլուն աշխատանքի, վիրավորների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք:

. Պատերազմների ժամանակ, ցավոք, հերոսությունների, մեր դեպքում՝ մասսայական հերոսությունների կողքին երբեմն լինում են դավաճանություններ։ Պատերազմում դրանք անխուսափելի են, կարեւորը՝ ռազմավարական կառավարման համակարգը կարողանում է իրավիճակին տիրապետել, վեր հանել թերությունները, շտկել եւ առաջ գնալ։ Մեր ամրությունը կայուն է։

. Գերի ընկած զինծառայողի մասին հստակ տեղեկություններ չունեմ, բայց բավականին ինտենսիվ մարտական գործողությունների պայմաններում, երբ մեծաքանակ զորախմբեր են ընկնում շրջափակման մեջ, ճեղքումներ են անում, նահանջներ եւ այլն, գերի ունենալու հավանականությունը հաճախ բացառված չէ։

. Շուշին, Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին հիմնականում հարձակման են ենթարկվում համազարկային կայանքներ «Սմերչ», «Կասիրգա», «Պոլոնեզ», «LAR-160» և իսրայելական LORA բալիստիկ հրթիռներով։ Սրանց հեռահարությունն օգտագործվում է որպես լրացուցիչ գործոն՝ այս քաղաքները հրթիռակոծելու համար։

. Մեզ մոտ եղած ադրբեջանական զոհերի իդենտիֆիկացումը շատ բարդ գործընթաց է՝ հատկապես նման բարդ մարտական գործողությունների ժամանակ, երբ մեծ քանակի կարակային խոցման միջոցներ են կիրառում։ Սպանվածների մարմինները հաճախ ամբողջական չեն, ամփոփիչ տեղեկություններ կլինեն ավելի ուշ։

. Մենք տասնյակ հազարավոր կամավորներ ունենք։ Կոնկրետ թիվ չեմ կարող ասել։