գլխավոր Քաղաքականություն Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա...

Բանակցային գործընթացում ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ. Նիկոլ Փաշինյան


Բանակցային գործընթացում մինչև 2018-ը և դրանից հետո ԼՂԻՄ-ը չի դիտարկվել միայն հայկական տարածք, ես իմ նախորդ հարցազրույցում հենց դա էի ասում ոչ այդքան ուղիղ։ 2020-ի նոյեմբերից անդրադառնում էի հարցերին, թե Շուշիի հարց բանակցություններում եղե՞լ է, թե չի եղել։ Այս մասին առցանց ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Հադրութի և Շուշիի օկուպացված տարածքների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խոսել եմ նաև Մադրիդյան հայտնի սկզբունքներում առկա այն սկզբունքի մասին, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենան ցանկացած ազգության ներկայացուցիչներ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988-ին։ Սա թարգմանաբար նշանակում է, որ և՛ հայերը պետք է մասնակցեին ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը, և՛ ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»,– ասաց նա։

«Ես ուշադրություն եմ հրավիրում մի տարօրինակ փաստի վրա։ Հետագայում այս հանգամանքը անհետանում է բանակցային սկզբունքներից, և ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, որպեսզի վերականգնեն այդ դրույթը։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը, իհարկե ոչ, նա ուզում էր, որ վերադարձվի համամասնության պահպանման մասին 1988-ի դրույթը, որովհետև այդ ժամանակ ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը եղել են հայեր»,– ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` 2016-ին բանակցային գործընթացում Սերժ Սարգսյանը արձանագրել է, որ այդ դրույթի դուրսբերումով կարող է համամասնության հետ կապված հարց առաջանալ։

«Այդ դրույթի դուրսբերումը, որը լղոզվել է բանակցային փաստաթղթերի մեջ, շատ կարևոր բուֆեր է կորսվել։ Ես իմ նախորդ հարցազրույցում դրա համար եմ ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ-ի բնակիչ, դա ես չեմ ստեղծել։ Այնպիսի մեկնաբանություններ եղան, որ իմ երազանքն էր, որ այդպիսի ձևակերպում լինի։ Այդ ձևակերպումը ես ստացել եմ որպես ժառանգություն»,- ասաց Փաշինյանը։