գլխավոր Իրադարձային Մեզ հաջողվել է արտագաղթը կանխել. Արցախի նախագահը` Նիկոլ Փաշինյանին

Մեզ հաջողվել է արտագաղթը կանխել. Արցախի նախագահը` Նիկոլ Փաշինյանին

Պատերազմից հետո շատ մեծ մտավախություններ ունեինք՝ սոցիալական վիճակի և այլ հարցերի առնչությամբ: Սակայն կարողացել ենք իրավիճակը որոշակիորեն կառավարելիության տիրույթում պահել, որպեսզի հետպատերազմական իրավիճակում հումանիտար ճգնաժամեր չառաջանան: Արցախի նախագահի հետ կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը. վարչապետը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել:

«Արցախի հետ համագործակցության շատ կարևոր փուլում ենք` 44-օրյա պատերազմից հետո ՀՀ կառավարությունն ավելի մեծ ակտիվությամբ է մասնակցում Արցախի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը: Արցախի 2022-ի տարեկան բյուջեն աննախադեպ չափեր ունի, ինչը, ըստ էության, բնական է, քանի որ հետպատերազմական շրջանում վերականգնումը շատ էական է և շատ ջանքեր պետք է մեզնից պահանջի: 2022 թվականին Հայաստանի կառավարությունը շուրջ 144 մլրդ դրամի բյուջետային աջակցություն է տրամադրելու Արցախին»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նախորդ տարի այդ թիվը գերազանցել է հարյուր միլիարդ դրամը:

Փաշինյանի խոսքով` կարևոր է, նոր սոցիալական հնարավոր ճգնաժամի փուլից անցում կատարվի զարգացման տրամաբանության: Նա շեշտել է, թե Արցախի զարգացման ծրագրերն արդյունավետ են իրականացվում:

Միաժամանակ, վարչապետը նշել է՝ պարզ է, որ սոցիալական վիճակն Արցախում և Հայաստանում իրենց երազած վիճակում չէ, սակայն խոսքն իրադրության կառավարելիության մասին է:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ գնաճը, կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը գլոբալ երևույթներ են և չեն կարող առանձին դիտարկել այս հարցերը:

Ի պատասխան Արայիկ Հարությունյանն ասել է՝ միշտ զգացել են, որ Հայաստանի կառավարության, նրա անդամների, ընդհանուր առմամբ՝ բոլոր պաշտոնյաների կողմից վերաբերմունքը եղել է միշտ այնպիսին, որ պատերազմի ծանր ժամանակահատվածում արցախցիները միշտ տեսել են այդ աջակցությունը:

«2022 թվականին 140 մլրդ դրամ միայն միջպետական վարկ և ուղղակի դրամաշնորհ է տրամադրվել Արցախի բյուջեին: Բացի դրանից, Հայաստանի կառավարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերով բազմաթիվ սոցիալական ծրագրեր իրականացրել է ուղղակի: Դրա համար թիվը շատ մեծ է, դրանց շնորհիվ մեզ հաջողվել է արտագաղթը կանխել»,-ասել է նա:

Հարությունը հայտնել է, որ արդեն 300 բնակարան ավարտված է և հանձնված է հիմնականում զոհվածների տեղահանված ընտանիքներին և երկրորդը՝ կարիքավոր, առաջին հերթին, այն ընտանիքներին, որոնք ավելի սուղ վիճակում են: Բնակարանաշինությունն սկսված է 3000 տների շինարարության առումով. մոտ 500 բնակարան հին ֆոնդից՝ գյուղերում առկա ազատ ֆոնդից, վերանորոգել են, տրամադրել, մոտ 2000 բնակարան արդեն նախագծվում է, որոնք պետք է սկսեն 2022 թվականին:

Զուգահեռ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1061 բնակարան է կառուցում