գլխավոր Իրադարձային Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նրա...

Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո տեղի կունենա նախագահի արտահերթ ընտրություն, մինչ այդ նրա լիազորությունները կստանձնի ԱԺ նախագահը. ի՞նչ է սահմանում Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։

Այս առիթով Onnet.am-ը ներկայացնում է, թե ինչ է սահմանում ՀՀ Սահմանադրությունը նախագահի հրաժարականի դեպքում և ինչ ընթացակարգ է սահմանված արտահերթ ընտրության դեպքում։

ՀՀ սահմանադրության հոդված 123֊ը սահմանում է հանրապետության նախագահի կարգավիճակը և գործառույթները, համաձայն որի` Հանրապետության նախագահը պետության գլուխն է: Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:

Քանի որ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել,ապա տեղի է ունենալու ՀՀ նախագահի արտահերթ ընտրություն, որը սահմանում է Սահմանադրության 126֊րդ հոդվածը։

Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Արտահերթ ընտրության միջոցով ընտրված Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է ընտրվելուց հետո՝ տասներորդ օրը:Հանրապետության նախագահը պաշտոնը ստանձնում է Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված երդմամբ

Հոդված 144֊ի համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում մինչև նորընտիր Հանրապետության նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորությունները կատարում է Ազգային ժողովի նախագահը։ Այսինքն, այս դեպքում, Ալեն Սիմոնյանը։

Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով:Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Նույն անձը Հանրապետության նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: