գլխավոր Իրադարձային Երևանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել

Երևանում ցրտահարությունից 48-ամյա տղամարդ է մահացել

shamshyan.com -ի հաղորդմամբ՝ այսօր՝ հունվարի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Աթոյան անցուղի 12/3 շենքի դիմաց գտնվող տարածքում տեղադրված վագոն-տնակում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, վաշտի հրամանատար Արման Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տարածքը սահմանազատել են պարեկներ Հակոբ Ասատրյանն ու Գևորգ Հովհաննիսյանը, որպեսզի դատաբժիշկը զննի դին։

Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաեբրվել։ Տղամարդը ցրտահարվել է։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Թորգոմ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Էրեբունու ոստիկաններն ու պարեկները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ մահացածը մշտական բնակության վայր չունեցող, 48-ամյա Տիգրան Այվազյանն էր։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։