գլխավոր Միջազգային Ղազախստանում հունվարյան անկարգությունների առթիվ 1822 քրեական գործ է հարուցվել

Ղազախստանում հունվարյան անկարգությունների առթիվ 1822 քրեական գործ է հարուցվել

Հունվարին Ղազախստանում տեղի ունեցած մասսայական անկարգություններից հետո հարուցվել է 1822 քրեական գործ։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարը։

Ըստ Ղազախստանի նախագահի մամուլի ծառայության Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շաբաթ օրը հանդիպում է ունեցել նախագահի աշխատակազմի, Անվտանգության խորհրդի, գլխավոր դատախազության, ազգային անվտանգության կոմիտեի, պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ղեկավարության հետ։ Երկրի ղեկավարին զեկուցվել է երկրում իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների կատարման մասին։

Ներքին գործերի նախարարը նախագահին զեկուցել է, որ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի առգրավումը շարունակվում է։
ՆԳՆ-ի տվյալներով ահաբեկչության, սպանությունների, պետական պաշտոնյաների նկատմամբ բռնության, խուլիգանության, կառավարական շենքերի վրա հարձակումների և այլ հանցագործությունների փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ դատախազներին։