գլխավոր Սպորտ Ռուսաստանցի շախմատիստը հրաժարվել է դիմակով խաղալ, նրան «պատժել» են

Ռուսաստանցի շախմատիստը հրաժարվել է դիմակով խաղալ, նրան «պատժել» են

Ռուսաստանցի շախմատիստ Դանիիլ Դուբովին պարտություն են հաշվել Վեյկ ան Զեեում (Հոլանդիա) ընթացող մրցաշարի 7-րդ տուրում, քանի որ նա չի ներկայացել խաղին՝ հրաժարվելով դիմակով խաղալ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Դուբովը պետք է սև խաղաքարերով մրցեր Հոլանդիայի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ։

«Դուբովը չի խաղա 7-րդ տուրում: Քանի որ նրա շրջապատում Covid-19–ով վարակվածներ կան, մրցաշարի կազմակերպիչները Դուբովին խնդրել են դիմակով խաղալ: Նա էլ ասել է, որ սկզբունքորեն հրաժարվում է դիմակով խաղալուց և չի ներկայացել խաղին»,- ասված է մրցաշարի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կոնկրետ Դուբովը էքսպրես թեստ է հանձնել. Պատասխանը բացասական է եղել։ Նա նաև ՊՇՌ թեստ է հանձնել, որի արդյունքը դեռ հայտնի չէ։

Հունվարի 15-30-ը հոլանդական Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվում է շախմատի «Tata Steel Chess» մրցաշարը, որում հանդես են գալիս 14 ուժեղագույն գրոսմայստերներ աշխարհի տարբեր երկրներից։