գլխավոր Քաղաքականություն Վանաձորի ավագանին երկուշաբթի արտահերթ նիստ կգումարի.Վահե Դոխոյանը նոր մանրամասներ է հայտնում

Վանաձորի ավագանին երկուշաբթի արտահերթ նիստ կգումարի.Վահե Դոխոյանը նոր մանրամասներ է հայտնում

Վանաձորում անորոշ վիճակը շարունակում է պահպանվել. համայնքապետի պարտականությունները կատարող չկա, ավագանին չի կարողանում նիստ գումարել, քանի որ Վարչական դատարանը արգելանք է դրել համայնքապետ ընտրելու օրակարգով ավագանու նիստ գումարելու վրա:

Նկատենք, որ այս արգելքը որպես հայցի ապահովման միջոց շարունակում է մնալ, թեեւ վերաքննիչ վարչական դատարանը եւս մերժել է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները վիճարկվող ԼՀԿ-ի հայցը։

Նախատեսվում է, որ փետրվարի 3-ին տեղի կունենա ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացման հարցով դատական նիստը:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում «Հայրենիք» կուսակցության Վանաձորի տարածքային կառույցի ղեկավար Վահե Դոխոյանը հայտնեց, որ Վանաձորի ավագանին երկուշաբթի օրը արտահերթ նիստ է հրավիրել՝ Վարչական դատարանում ավագանու շահերը ներկայացնելու համար լիազոր ներկայացուցիչ ընտրելու օրակարգով.

«Դատարանի որոշմամբ՝ արգելված է համայնքապետ ընտրելու համար նիստ գումարելը, մեր նպատակն այդ արգելանքը հանելն է: Ամեն գնով փորձելու ենք երկուշաբթի նիստ գումարել, եթե ավագանու անդամները ներկայանան, քվորում ապահովվի, նիստը կկայանա»,-ասաց Վահե Դոխոյանը:
Նրա հաղորդմամբ՝ Վանաձորում ավագանու աշխատանքը դեռևս շարունակում է պարալիզացված մնալ, հարյուրավոր քաղաքացիներ են մոտենում իրենց խնդիրներով, սակայն չկա որևէ լիազորված անձ, որը կարող է լուծում տալ վանաձորցիների խնդիրներին:

Ավելի վաղ «Փաստինֆո»-ն հայտնել էր, որ Վանաձորում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ի օգնությամբ, փորձում է համայնքային իշխանությունը զավթել:

ԼՀԿ-ն, որը դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վանաձորում ստացել էր ընտրողների ձայների 3,97 տոկոսը և զբաղեցրել 6-րդ տեղը, դիմել էր Վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվեն Վանաձորի համայնքապետի ընտրությունները, սակայն դատարանը մերժեց ԼՀԿ-ի հայցը։ ԼՀԿ-ն նաև առանձին միջնորդություն էր ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով պարտավորեցնել Վանաձոր համայնքի ավագանուն ձեռնպահ մնալ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և ղեկավար ընտրելուց, ինչը բավարարվել էր։

Թեև դատարանն անփոփոխ է թողել Վանաձորի ՏԻՄ ընտրության արդյունքներն ամրագրող որոշումը, սակայն ավագանին նիստ չի կարողանում անել, քանի որ չի վերացվել նիստ հրավիրելն արգելող դատարանի որոշումը։

Հիշեցնենք, որ Վանաձորում ՏԻՄ ընտրություններին մասնակցած 10 քաղաքական ուժերից 5-ն էին հաղթահարել անցողիկ շեմը։ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը ստացել էր 15 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 9 մանդատ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5 մանդատ, իսկ «Հայրենիք» և «Ապրելու երկիր» կուսակցություններն՝ 2-ական մանդատ։