գլխավոր Միջազգային Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են. փորձագետները վերլուծում են Լավրով-Բլինկեն բանակցությունները

Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են. փորձագետները վերլուծում են Լավրով-Բլինկեն բանակցությունները

Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինկեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս: 

«Երբ դիվանագետները խոսում են՝ թնդանոթները լռում են», – ասել է պրոֆեսորը:

Ըստ նրա՝ դատելով Լավրովի և Բլինկենի հետագա մեկնաբանություններից՝ Ռուսաստանի արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը տարաձայնություններից բացի՝ կարողացել են նաև փոխգործակցության թեմաներ են գտնել: Օրինակ՝ նրանք քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ Վիենայում ընթացող բանակցությունները, որտեղ Վաշինգտոնի և Մոսկվայի մոտեցումները համընկնում են:

Տեխասի A&M համալսարանի Բուշի անվան կառավարման և հանրային ծառայության դպրոցի փորձագետ Յուվալ Վեբերը ավելի հոռետես է տվյալ հարցի կապակցությամբ:

«Բի-Բի-Սի»-ի հետ զրույցում նա հիշեցրել է Մոսկվայի՝ հանդիպման նախօրերին բարձրացրած պահանջը Բուլղարիայից և Ռումինիայից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին՝ կարծիք հայտնելով, որ այդպիսի անլուծելի պահանջների առաջադրումը ցույց է տալիս, որ Կրեմլում արդեն սկզբունքային որոշում են ընդունել Ուկրաինայի վրա հարձակվելու մասին, և ԱՄՆ Պետդեպարտամենտի ջանքերը ոչինչ չեն փոխի:

«Կարևոր չէ՝ Էնթոնի Բլինկենը լավ պետքարտուղար է, թե վատ: Եթե մյուս կողմը կապիտուլյացիա կամ կոնֆլիկտ է պահանջում՝ Բլինկենը շատ քիչ բան կարող է անել: Անկախ նրանից՝ նա աշխարհի լավագույն դիվանագետն է, թե վատագույնը՝ բանակցությունների միջոցով կարգավորման հնարավորությունները քիչ են», – ասել է Վեբերը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 21-ին Ժնևում և տևել է մոտ 1,5 ժամ:

Ռուսաստանի արևմտյան սահմանների երկայնքով և հատկապես Ուկրաինայի շուրջ Ռուսաստան-ՆԱՏՕ լարվածության աճին զուգահեռ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ակտիվ բանակցություններ են վարում նախագահների, արտգործնախարարների և ավելի ցածր մակարդակներով՝ հետագա սրացումներից խուսափելու համար: Վաշինգտոնի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հիմնական մտահոգությունը Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման հավանականությունն է, Մոսկվայի մտահոգությունը՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Արևելք, այդ թվում՝ Ուկրաինայի հնարավոր անդամակցումը Հյուսիսատլանտյան դաշինքին