գլխավոր Իրադարձային Ուսուցիչներն «Ուրալ»-ով էլ գործի չեն հասել․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհի մասին

Ուսուցիչներն «Ուրալ»-ով էլ գործի չեն հասել․ ՄԻՊ-ը՝ Սյունիքի այլընտրանքային ճանապարհի մասին

Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ՝ հատկապես եղանակային պայմանների պատճառով։ Facebook-ի պաշտոնական էջում ահազանգում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Գորիս համայնքում ուսուցիչներն այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ «Ուրալ»-ով: Ըստ Թաթոյանի՝ սա կրթության, աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է։

Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն անգամ իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Մեծ դժվարությամբ գյուղեր սնունդ են հասցնում ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողները։

ՄԻՊ-ը հարց է ուղղում՝ այս պայմաններում ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն:

«Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու ի՞նչ աստիճան է դժվարանալու մարդկանց կյանքը: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու, դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել»,- անպատասխան հարցերը շարունակում է պաշտպանը։

Նա պնդում է՝ այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում:

«Ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է, ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը»,- վրդովված նշում է Արման Թաթոյանը։

Նա շեշտում է՝ Սյունիքի մի շարք գյուղերի բնակիչների համար ստեղծված բազմաթիվ խնդիրների լուծման համար միայն 1 ելք կա․ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից։

Պաշտպանը վստահ է, որ ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս միջազգային կառույցների կանոնները տալիս են օրինական իրավունքներ վերականգնելու բնակիչների արժանապատիվ ապրելու իրավունքները։