գլխավոր Միջազգային Ուկրաինական ընդդիմությունը երկրի ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Ուկրաինական ընդդիմությունը երկրի ղեկավարությանը կոչ է արել հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց

Ուկրաինական «Ընդդիմադիր պլատֆորմ՝ հանուն կյանքի» կուսակցության համանախագահ Յուրի Բոյկոն Ուկրաինայի ղեկավարությանը կոչ է արել ուղիղ երկխոսություն սկսել ՌԴ-ի հետ եւ հրաժարվել երկրի անդամակցությունից ՆԱՏՕ-ին:

«Հակամարտության 8-րդ տարում լոկ հռետորաբանությունը բավարար չէ։ Պետք են գործողություններ, պետք է աշխատեն բանակցողները։ Պետք է վերականգնել ուղիղ երկխոսությունը ՌԴ-ի հետ։ Դադարեցնել մանտրային պնդումները «ՆԱՏՕ-ին մոտալուտ անդամակցության» մասին, երբ իրականությունը ցույց է տալիս, որ դա անհնար է», – ասել է նա լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ուրբաթ օրը Ժնեւում կայացած բանակցությունները Եվրոպայում անվտանգության երաշխիքների մասին Մոսկվայի առաջարկած համաձայնագրի քննարկման շրջանակներում:

Նրա խոսքով՝ այս տարին սկսվել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգի ձեւավորման ուղղությամբ աշխարհի բոլոր առաջատար երկրների ակտիվ ջանքերով։ «Ընթանում են շատ բարդ բանակցություններ, անընդհատ խորհրդակցություններ են անցկացվում տարբեր ձեւաչափերով Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ անդամ երկրների կողմից։ Չնայած տարաձայնություններին՝ աշխարհի բոլոր խաղացողները ցանկանում են խուսափել առճակատումից, թուլացնել լարվածությունը հարաբերություններում։ Դա հույս է ներշնչում, որ նպատակը ձեռք կբերվի, եւ Եվրոպայում խաղաղություն եւ կայունություն կհաստատվի», – նշել է Բոյկոն։