գլխավոր Իրադարձային Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

Դավիթ Տոնոյանի և մյուսների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունվարի 24-ին

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և նախկին բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հունվարի 24-ին։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանըդատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ։ Հիշեցնենք սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։

Իսկ ավելի վաղսեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։

Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, ՀՀ ՊՆ ավիացիայի վարչության ավիացիոն տեխնիկական ունեցվածքի ծառայության պետ Արտյոմ Համբարյանին և ավիացիայի վարչության գլխավոր ինժեներ Վլադիմիր Բաբայանին: