գլխավոր Գլխավոր Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Շահումով խաղի ցանկացած տեսակի գովազդը կարգելվի․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծին «կողմ» քվեարկեց 56, «դեմ»՝8, «ձեռնպահ»՝ 16 պատգամավոր։

Նախագածով արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաեւ առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին եւ չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում։

Նախագծում նշվում է, որ 2020 թվականին համացանցով կատարված խաղադրույքների համեմատած 2018թ. հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտնել է, որ Հայաստանում  2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք: