գլխավոր Իրադարձային «Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը կարողացել է և՛ ՌԴ, և՛ միջազգային մակարդակով ապացուցել, որ...

«Ժողովուրդ». Գևորգ Կոստանյանը կարողացել է և՛ ՌԴ, և՛ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն և ապօրինի է

«Ռուսաստանի Դաշնության դատախազության 300-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Հայաստանից երկու հոգի են հրավիրված եղել՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Հիշեցնենք, որ հայրենի իրավապահները Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում են հայտարարել արդեն շուրջ 2 տարի, և, ահա, նրան հրավիրում են Կրեմլ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախկին ու ներկա պաշտոնյաները Կրեմլում մասնակցել են նաև առավել փոքր ձևաչափով կազմակերպված ֆուրշետ-հյուրասիրությանը, որտեղ ընդամենը մի քանի տասնյակ մարդ է մասնակցել:

Ստացվում է՝ Կոստանյանը, չունենալով որևէ պաշտոն, ունի նույնքան հեղինակություն, որքան ՀՀ գործող գլխավոր դատախազը: Այս իրողությունը ուշագրավ է ոչ միայն այն հանգամանքով, որ ՀՀ-ից ընդամենը երկու դատախազներ են մասնակցել իրավապահ այդ կառույցի հիմնադրման 300-ամյակին, այլ այն, որ Գևորգ Կոստանյանը ՌԴ-ում ոչ մի օր չի եղել հետախուզման մեջ. Մոսկվան հրաժարվել է հետախուզել նրան:

Հիշեցնենք՝ միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, ևս հրաժարվել էր հետախուզում հայտարարել Կոստանյանի նկատմամբ՝ հարուցված քրգործի նյութերը համարելով անհիմն: Փաստորեն, ե՛ւ ՌԴ-ն ե՛ւ Ինտերպոլը համարել են Կոստանյանի նկատմամբ կատարվողը քաղաքական հետապնդում: Թերևս, դրա համար էլ, ոչ միայն Կրեմլ են հրավիրել նրան, այլև՝ 300-ամյակի աննախադեպ միջոցառումներին, ինչը հատկանշական է և գնահատական՝ առաջադրված մեղադրանքին:

Հիշեցնենք նաև, որ ամիսներ առաջ, էլի Կրեմլում, Կոստանյանը դստեր հետ մասնակցում էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված միջոցառմանը և նստած էր առաջին շարքում, որը ցուցադրվում էր ՌԴ Առաջին հեռուստաալիքով: Ինչպես մի առիթով տեղեկացրել էինք՝ այժմ Կոստանյանը ՌԴ դատախազության ակադեմիայում դասավանդում է՝ վերապատրաստելով ՌԴ դատախազներին:

Փաստորեն, Գևորգ Կոստանյանը կարողացավ ե՛ւ ՌԴ, ե՛ւ միջազգային մակարդակով ապացուցել, որ իր նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը անհիմն և ապօրինի է»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։