գլխավոր Իրադարձային Սյունիքի Վերին Խոտանանն անտեսված է. Գյուղում ոռոգման ջուր, գազ ու աշխատատեղ չկա,...

Սյունիքի Վերին Խոտանանն անտեսված է. Գյուղում ոռոգման ջուր, գազ ու աշխատատեղ չկա, չի գործում նաև հասարակական տրանսպորտ

Այլընտրանքային` Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածն այսօր դժվարանցանելի էր։ Ձնաբքի պատճառով Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհահատվածի՝ Վերին Խոտանան գյուղի հատվածը դժվարանցանելի էր բեռնատարների համար։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանը հայտնել է, որ ճանապարհն արդեն մաքրվել է և բնականոն գործում է։

«Առավոտը փակ էր ճանապարհը, հիմա արդեն մեքենաները գնում- գալիս են, բաց է ճանապարհը»։

Վերին Խոտանանը մարզկենտրոն Կապանից հեռու է 25 կմ-ից ավելի, սակայն պայմաններով խիստ տարբերվում է։ Գյուղի հիմնախնդիրները բազմաթիվ են՝ խմելու ու ոռոգման ջրի սակավությունից սկսած մինչև հասարակական տրանսպորտի բացակայություն։

«Ջրի խնդիր ունենք։ Դա կլիմայի հարց է, խմելու ջուրը բարակ է, ոռոգման ջուր չունենք։ Դա հիմնական խնդիրն է։ Մեր ջրագիծը հին ժամանակներից կար քաշած, ուղղակի փչացել է, լավ չի աշխատում։ Համայնքապետարանի հետ խոսել ենք, գարնան կողմ պետք է, որ գործերը սկսենք։ Հաշվարկներ դեռ չենք արել, բայց որոշել ենք նախագիծ գծել, տեսնենք ինչ կլինի»։

Այստեղ հասարակական տրանսպորտ չի գործում։ Գյուղացիներն անգամ մոտ համայնքներ ու մարզկենտրոն հասնելու համար ստիպված են սպասել Գորիսից այդ ճանապարհով անցնող գազելներին, կամ տաքսիներից օգտվել։ Այստեղ քչերը մեքենա ունեն։

«Հիմա հասարակական տրանսպորտ չկա։ Կապանից մինչև Աղվանի գիծը չի աշխատում՝ հասարակական տրանսպորտ չկա։ Հիմնականում Գորիսի գազելներն են այստեղով գնում, եթե խնդիր է լինում դրանով են գնում- գալիս։ Ավտոներն էլ են տանում, հիմա մի քիչ ահագին հեշտացել է, որ այլընտրանքային ճանապարհն այստեղ է, նորմալ է, գնում, գալիս են»։

Ադրբեջանական կողմը ամիսներ առաջ անցակետեր ու մաքսակետեր տեղադրեց նախ Գարիս-Կապան ճանապարհին, ապա՝ Կապան-Ճակատեն հատվածում ու Վերին Խոտանանը որոշակի խնդիրների առաջ էր կանգնել։

«Ճանապարհաշինարարությունը նոր էին սկսել, ընդհանուր առմամբ խցանումներ շատ կային, ասֆալտը չէին արել, դժվարանցանելի ճանապարհ էր՝ փոշի ու կեղտ, խնդիրներ էին առաջանում, բայց հիմա ճանապարհը կա, մաքրել են, խնդիրներն ավելի քիչ են»,- ասաց Գրիգորյանը։

Վերին Խոտանան գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է ու հողագործությունը։ Սակայն բնակիչները բողոքում են, որ երկուսն էլ քիչ եկամտաբեր են։ Գործող դպրոցն էլ մեկն է, ներկա պահին 15 աշակերտ է սովորում, իսկ մանկապարտեզ չունեն, սակայն մանկապարտեզ հաճախելու տարիքի երեք երեխա կա։

«Հիմնական դպրոցն է գործում գյուղում որպես պետական հիմնարկ, մեկ էլ գյուղապետարանը։ Ուրիշ բան չկա գյուղում գործող»։
Գյուղի բնակչությունը մեծ չէ։ Այստեղ անգամ Արցախի երկու ընտանիք է վերաբնակեցվել՝ պատերազմից հետո։

Գյուղը, չնայած սահմանամերձ չէ, սակայն խնդիրները ոչնչով չեն տարբերվում սահմանամերձ գյուղերի խնդիրներից։ Վարչական ղեկավարն ասում է՝ փոփոխություններ անհրաժեշտ են, բայց թե ինչպե՞ս կփոխվի ՀՀ-ի ու բնակիչների կյանքը, դժվարանում է ասել, սակայն թերահավատորեն է մոտենում հարցին՝ երբ ՀՀ-ն դիվանագիտական հարաբերություններ կհաստատի հարևանների հետ ու կբացի սահմանները, դժվար թե փոխվի բնակիչների կյանքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։