
Հայաստանը երբեք դեմ չի եղել և մեծ հաշվով պետք էլ չէր դեմ լիներ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն սատանան մանրուքների մեջ է՝ ինչպես, ինչ եղանակով, ինչի գնով։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին:
Ըստ պատգամավորի՝ աննորմալ է, որ շուրջ 30 տարի Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են եղել, երկրները չունեն դիվանագիտական հարաբերություններ, և դա պետք է լուծում ստանա, սակայն Ղազինյանն ընդգծեց՝ այն ազդակները, որ Հայաստանը ստանում է Ադրբեջանից, բնավ չեն խոսում այն մասին, որ Թուրքիայում տենչում են տեսնել ուժեղ հայկական պետականություն, երազում են տեսնել բարգավաճող հայ ազգ և ուժեղ հայկական ինքնություն։
«Մենք մեր մտքում պետք է պահենք մի հայկական ասացվածք ՝շան հետ ընկերություն արա, փայտը ձեռքիցդ մի գցի, բայց մենք փայտը գցել ենք ձեռքներիցս, փաստ չունենք էլ, խնդիրը դրանում է»,-ասաց նա և ընդգծեց՝պետք է հարաբերությունները կարգավորել, բայց ամեն դեպքում գոյաբանական վտանգը կախված է հայ ժողովրդի գլխին։