գլխավոր Իրադարձային Փաստացի սպասարկում են պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների շահերը. «Փաստ»

Փաստացի սպասարկում են պարտության խորհրդանիշ դարձած իշխանությունների շահերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում բուռն խմորումները շարունակվում են։ Եվ երկրի խաթարված անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, ահռելի գնաճն ու բարոյալքված մթնոլորտն իրենց կնիքն են դնում ներքաղաքական զարգացումների վրա։ Փաշինյանն իր կառավարման ընթացքում նախկին բոլոր ղեկավարներից ավելի հաճախ էր խոսում Հայաստանի ինքնիշխանության մասին, սակայն հենց նրա պաշտոնավարման օրոք մեր պետության ինքնիշխանության մակարդակը ձգտում է զրոյի։

Հայաստանը ոչ միայն ի վիճակի չէ չեզոքացնել իր անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն, այլև մեզ վերաբերող հարցերը լուծում են արտաքին խաղացողները։ Այսինքն, առկա իրավիճակում Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Եվ հասարակության գիտակից հատվածի մոտ առկա է այն հստակ ըմբռնումը, որ այլևս անիմաստ է Փաշինյանի օրոք ինչ-որ դրական շրջադարձի մասին հույսեր ունենալ. ինչքան նա պաշտոնավարի, այնքան Հայաստանի դիրքերը մաս-մաս զիջվելու են։

Ըստ այդմ, պարզ է մի կարևոր իրողություն, որ հանրության ընկալումներում իշխանություններն այլևս չունեն իրենց նախկին հեղինակությունը և կորցնում են իրենց վարկանիշի վերջին փշուրները, իսկ որոշ դեպքերում անգամ ոչ էլ որպես իշխանություններ են դիտարկվում, քանի որ ի վիճակի չեն ապահովել ՀՀ քաղաքացիների իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի հակառակորդը ոտնձգությունների չդիմի։ Պարզ ասած՝ երկիրն անտերության է մատնված։ Իշխող ուժի ներկայացուցիչները ևս հասկանում են, որ հանրության մեջ դժգոհության ահռելի էներգիա է կուտակվել, որը շուտով կարող է պարպվել՝ իր ճանապարհին սրբել-տանելով գործող իշխանություններին։ Իսկ այս ֆոնին ընդդիմությունը, բնականաբար, կարող է լուրջ դերակատարություն ստանձնել հայաստանյան ներքաղաքական կյանքում։

Այսինքն, ընդդիմությունը կարող է իր վրա վերցնել հանրային էներգետիկան կենտրոնացնողի և հասարակական ընդվզման վրա ուղղորդելու գլխավոր դերակատարությունը։ Ուստի պատերազմից, ապա և խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանի հիմնական նպատակներից մեկն ինչքան հնարավոր է ընդդիմադիր դաշտում պառակտում մտցնելն էր։ Բնականաբար, ինչքան ընդդիմադիր գլխավոր դերակատարները միասնական գործեն, այնքան վտանգը մեծ է իշխանությունների համար։

Այդ իսկ պատճառով էլ իշխանությունների հիմնական նպատակը նետերը առաջին հերթին երկրորդ և երրորդ նախագահների ուղղությամբ ուղղելն է։ Եվ եթե այսօր կան «խաղացողներ», իսկ ավելի հաճախ՝ իրենք իրենց իբր «խաղացող» երևակայողներ, որոնք պառակտման ցեց են գցում ընդդիմադիր դաշտում, ապա դրանով նրանք միանշանակ ջուր են լցնում Նիկոլ Փաշինյանի ջրաղացին։ Այլ կերպ ասած՝ «բոչկա գլորելով» պատերազմում հաղթանակած նախագահների ուղղությամբ՝ անուղղակիորեն սպասարկում են պարտված ու կապիտուլ յացիայի ենթարկված իշխանությունների շահերը։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտը պառակտողները առավելապես մարգինալ հատվածից են, իսկ գլխավոր խաղացողները՝ մասնավորապես խորհրդարանում ներկայացված երկու ընդդիմադիր խմբակցությունները, կարևորագույն հարցերի շրջանակներում արդյունավետորեն համագործակցում են։

Այսինքն, իրական ընդդիմությանը հաջողվում է միասնական դիրքորոշում արտահայտել սկզբունքային հարցերի շուրջ։ Եվ այդ դաշտի «մերձակայքից» գործող այն միավորները, որոնք ձգտում են խաթարել այս պրակտիկան, մեծ հաշվով, իրավիճակ փոխել չեն կարող։ Առավելագույնը, որ կարող են անել ու անում են, «մուտիտն» է: Այ, դա նրանց մեծապես հաջողվում է: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ գործով զբաղված են ոչ այնքան «նիկոլամերձ» քաղաքական ուժերն ու անհատները, ինչը հասկանալի կլիներ (և է) քաղաքական պայքարի տրամաբանության շրջանակներում, այլ նրանք, որոնք արտաքուստ դիրքավորվել են արմատական ընդդիմության ճամբարում, իբր պայքարում են Նիկոլի ու նրա իշխանության դեմ, սակայն իրականում 24-ժամյա ռեժիմով հարձակվում են հատկապես երկրորդ նախագահի դեմ՝ աշխատելով հակասություն մոգոնել նրա և երրորդ նախագահի միջև:

Երկու նախագահներն, անշուշտ, կարող են ունենալ ամենատարբեր, նույնիսկ շատ տարբեր դիրքորոշումներ մի շարք հարցերի շուրջ, սակայն նրանց ասուլիսներն ու հարցազրույցները, նրանց իրական թիմակիցների պահվածքը ցույց են տալիս, որ իրենց մոտեցումները նույնական են երկրի շահերի և այս իշխանություններից ձերբազատվելու անհրաժեշտության հարցերի վերաբերյալ: Իսկ դա այսօր ամենաէականն է: Իհարկե, կարելի է և չանդրադառնալ պատերի տակ նստոտած տատիների բամբասանքի մակարդակից չբարձրացողների «մուտիտներին», քանի որ այս տեսակը ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում և «ջրի երեսին» մնալու համար ուղղակի «գործ է՝ անում է»:

Պատվերով, թե ոչ, արդեն կարևոր չէ: Սակայն բանն այն է, որ նրանց հաջողվում է առանց այն էլ պղտոր «ջրերն» ավելի պղտորել ու առանց այդ էլ թունավոր մթնոլորտն ավելի թունավորել: Իսկ դա որևէ մեկի շահից չի բխում, գուցե թե բացառությամբ Նիկոլ Փաշինյանի…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: