գլխավոր Իրադարձային Հրապարակել են «Գրանդ Քենդիից» 13 մլն դրամ գողացած երիտասարդների ձերբակալության կադրերը

Հրապարակել են «Գրանդ Քենդիից» 13 մլն դրամ գողացած երիտասարդների ձերբակալության կադրերը

ՀՀ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է` ինչպես են փողոցում բռնում ու ձեռնաշղթաներ հագցնում 2021–ի դեկտեմբերի 22–ին «Գրանդ Քենդի» ընկերությունից գումար հափշտակած անձանց։

Հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանությունը հունվարի 18-ին հայտնաբերել է «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ից գումար հափշտակած երկու կասկածյալներին:Նշվում էր, որ Երևանի Շահամիրյանների փողոցից ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ, 31-ամյա Արման Ս.-ին և 35-ամյա Հովսեփ Ս.-ին: Նրանք եղել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով:

Հիշեցնենք` 2021 թ. դեկտեմբերի 22-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ ՍՊ ընկերություններից մեկի դրամարկղից գումար են գողացել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.00-ից 22.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք բժշկական դիմակով մուտք էին գործել ՍՊԸ գանձապահի աշխատասենյակ և բացահայտ հափշտակել մոտ 13 միլիոն դրամ:

Փաստով ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 3-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է ավազակային հարձակումը կատարած անձանց ինքնությունը:

Երևանի բնակիչներ, 30 և 34 տարեկան երկու տղամարդիկ հունվարի 18-ին Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից Շահամիրյանների փողոցում հայտնաբերվել և, «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Շենգավիթի բաժին և ձերբակալվել:Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:Նախաքննությունը շարունակվում է: