գլխավոր Միջազգային ԱՄՆ-ը Ժնեւում ՌԴ-ի առաջարկներին գրավոր պատասխաններ չի ներկայացնի․ Բլինկեն

ԱՄՆ-ը Ժնեւում ՌԴ-ի առաջարկներին գրավոր պատասխաններ չի ներկայացնի․ Բլինկեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին չի ներկայացնի անվտանգության վերաբերյալ ռուսական առաջարկների գրավոր պատասխանները Ժնեւում կայանալիք հանդիպմանը: Համապատասխան հայտարարությունը Պետդեպի ղեկավարը արել է Կիևում Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Բլինկենը նշել է, որ բանակցությունների «լարված շաբաթվա» ավարտից հետո ԱՄՆ-ն պատրաստվում է «գնահատել իրավիճակը»: Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է նաեւ Ռուսաստանի կողմից բանակցությունների մասնակիցներին ժամանակ տալ անկացված խորհրդակցությունները գնահատելու համար»: 

«Այս պահի դրությամբ ես չեմ ծրագրում արտաքին գործերի նախարար Լավրովին որեւէ փաստաթուղթ ներկայացնել»,-նշել է Բլինկենը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե պատրաստվում է արդյոք նա ՌԴ ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ գրավոր պատասխան ներկայացնել ՌԴ – ի առաջարկներին: Պետքարտուղարի խոսքով՝ նա հույս ունի, որ Լավրովի հետ հանդիպմանը կհաջողվի քննարկել գործերի ներկա վիճակը եւ «հասկանալ՝ կան արդյոք դիվանագիտության եւ երկխոսության հնարավորություններ»:

Պետդեպարտամենտի ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն անցած խորհրդակցություններում «Ռուսաստանին ուղղված որեւէ առաջարկությամբ հանդես չի եկել»: «Մենք միայն բարձրաձայնել ենք մեր մտահոգությունները այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք Ռուսաստանը ներկայացնում է եվրոպական տարածաշրջանի անվտանգությանը: Նրանք նույնպես հնչեցրել են սեփական մտահոգությունները, որոնցից շատերի մասին հայտարարվել է հրապարակայնորեն», – նշել է Բլինկենը։ Նրա խոսքով՝ «Ժնեւի հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ-ը կտեղեկացնի ուկրաինացի գործընկերներին եւ կքննարկեն հետագա քայլերը»:

Վաշինգտոնի համար պարզ չէ, թե Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի որ առաջարկներն են գլխավորը, դրանցից մի քանիսը, ըստ ԱՄՆ-ի վարկածի, «դատապարտված են ձախողման», հայտարարել է Բլինկենը: