գլխավոր Իրադարձային Մերկասառույց, բուք և ձյան տեղումներ․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Մերկասառույց, բուք և ձյան տեղումներ․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

ՀՀ մի շարք մարզերում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում բուք է»,- նշում են գերատեսչությունից։

Շիրակի մարզում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում էլ ձյուն է տեղում։

Շարունակում է փակ մնալ Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։

ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։