գլխավոր Հասարակություն Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին

Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն. Միրզոյանը` արցախյան խնդրի մասին

Քարտեզի վրա միայն Հայաստանն ու Արցախը չեն։ Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին նման հայտարարություն արեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը` խոսելով Արցախի խնդրի կարգավորման մասին։

«Քարտեզի վրա կան շատ հզոր երկրներ, որոնք ունեն հզոր տնտեսություններ ու բանակներ, ունեն շահեր, որոնք հակադրվում են իրար, շահեր, որոնք համընկնում են, և որևէ աշխարհաքաղաքական իրողություն, կարծում եմ, պետք է դիտարկել այդ մեծ զարգացումների համատեքստում, հատկապես, որ դրանք շատ սրընթաց են ու վտանգավոր»,– ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ Արցախի հարցում Հայաստանը որդեգրել է դիրքորոշում, որ այն ժողովրդի իրավունքի հարց է, և այդտեղ տարածքային որևէ հարց չկա։

«Եվ, եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, ապա ԱՊՀ անդամ պետությունները Ալմաթիի հռչակագրում փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, և այդ հռչակագրից հետո ընդունվել է համաձայնագիր, որը վավերացվել է երկրների խորհրդարաններում, այդ թվում` ՀՀ խորհրդարանում»,– արձանագրեց Միրզոյանը։

Այդուհանդերձ, Միրզոյանը հայտարարեց, որ առջևում բանակցային պրոցես է, որն ամենևին էլ հեշտ չի լինելու։