գլխավոր Իրադարձային ՀԱՊԿ-ը բանակ չէ. Եթե հարկ լինի պաշտոնապես դիմելու, կառավարությունը որոշում կկայացնի. Միրզոյանը՝...

ՀԱՊԿ-ը բանակ չէ. Եթե հարկ լինի պաշտոնապես դիմելու, կառավարությունը որոշում կկայացնի. Միրզոյանը՝ Վարդևանյանին

Ադրբեջանցիներն օկուպացրել են ավելի քան 40 կմ տարածք, ինչո՞ւ Հայաստանը 8 ամսվա ընթացքում ՀԱՊԿ-ին դիմում չի ներկայացրել. ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն ու նկատեց՝ 8 ամիս շարունակ Հայաստանի սուվերեն տարածքի խաթարումը վերացնելու ձևը՝ ՀՀ-ի դիմումն է ՀԱՊԿ-ին։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ը բանակ չէ։

«ՀԱՊԿ–ը կազմակերպություն է, բանակ չէ, և ՀԱՊԿ կանոնադրությունը եթե նայեք, նման դեպքերում, երբ անհրաժեշտություն է առաջանում դաշնակիցների միջամտության, գործի են դրվում առաջին հերթին քաղաքական մեխանիզմները, և միայն դրանց անհնարինության դեպքում նախատեսված են արդեն խորհրդակցություններ ու գետնի վրա միջամտություն»,– ասաց Միրզոյանը։

ԱԳ նախարարը հայտարարեց, որ ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված որոշ գործիքներ` քաղաքական միջամտության տեսքով, մինչ այժմ և հիմա էլ կիրառվում են ու հույս հայտնեց, որ այդ ճանապարհով հնարավոր կլինի հասնել խնդրի լուծմանը։

Վարդևանյանը հայտարարեց՝ որպես իրավաբան կարող է անձամբ դիմումը ձևակերպել ու 4-րդ հոդվածի ապացուցման շեմը բավարարել։

Պատգամավորը նշեց՝ վերջերս Վարդենիսում ՀՀ-ն ունեցավ երեք զոհ, կրակն էլ բացել է ՀՀ սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանը։ ԱԳ նախարարը պատասխանեց՝ ՀԱՊԿ կանոնադրության ու հոդվածների տեղերը լավ գիտեն, բայց չբացառեց, որ եթե հարկ լինի, Հայաստանը կդիմի ՀԱՊԿ–ին։

«ՀԱՊԿ կանոնադրությունը կա, 4-րդ հոդվածը կա, ու եթե հարկ լինի 4-րդ հոդվածով պաշտոնապես դիմելու, ՀՀ կառավարությունն այդպիսի որոշում կկայացնի»,– ասաց նա։