գլխավոր Միջազգային Մոլդովան չի կարողանում ժամանակին կատարել վճարումները «Գազպրոմ»-ին. երկրում գազային ճգնաժամի պատճառով 60...

Մոլդովան չի կարողանում ժամանակին կատարել վճարումները «Գազպրոմ»-ին. երկրում գազային ճգնաժամի պատճառով 60 օրով արտակարգ դրություն կմտցվի

Մոլդովայի կառավարությունը չորեքշաբթի կայացած նիստում հաստատել է գազային ճգնաժամի պատճառով 60 օրով արտակարգ դրություն մտցնելը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Որոշումը հաստատվել է: Այն պետք է հաստատի նաև խորհրդարանը: Դրանից հետո Արտակարգ իրավիճակների հանձնաժողովը մի շարք միջոցներ կձեռնարկի սպառողների գազամատակարարումն անխափան ապահովելու համար», – ասել է վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

Նա հիշեցրել է, որ նախօրեին «Գազպրոմ»-ից ծանուցում էր ստացվել հանրապետություն գազի մատակարարման հնարավոր դադարեցման մասին, եթե գազաբաշխիչ «Մոլդովագազ» ընկերությունը չվճարի վառելիքի ընթացիկ սպառման համար։

Անցյալ տարվա հոկտեմբերին «Մոլդովագազ»-ը և «Գազպրոմ»-ը հինգ տարով երկարաձգել են վառելիքի մատակարարման պայմանագիրը։ Դրա կարևոր դրույթը մինչև յուրաքանչյուր ամսվա 20-ը նախորդ ամսում սպառված գազի արժեքի, ինչպես նաև ընթացիկ ամսում սպառված ծավալի կեսը վճարելու պայմանավորվածությունն էր։

Անցյալ տարվա նոյեմբերին հանրապետությունը չի կարողացել անել վճարումները և «Գազպրոմ»-ից ծանուցում ստացել 48 ժամում գազի մատակարարումը հնարավոր դադարեցնելու մասին։ Այնուհետև բացակայող միջոցները հատկացրել է հանրապետության կառավարությունը։

Հունվարին «Մոլդովագազ»-ի ղեկավար Վադիմ Չեբանը հայտնել էր, որ ընկերությունը կրկին ֆինանսական դժվարությունների է բախվել հանրապետությունում սակագների ժամանակին չճշգրտման պատճառով։ Այս իրավիճակում ընկերությանը պակասում է մոտ 25 մլն դոլար՝ մինչև հունվարի 20-ը պարտավորությունները մարելու համար։

Ինչպես հաղորդել է Գավրիլիցան, Քիշնևը նախօրեին «Գազպրոմ»-ից նոր նախազգուշացում է ստացել։ Իշխանությունները դիտարկում են սպառողներին գազի մատակարարման դադարեցումը կանխելու համար լրացուցիչ միջոցներ հատկացնելու տարբերակները։