գլխավոր Միջազգային ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը Ղազախստանում որևէ կորուստ չեն ունեցել. Զաս

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին տեղեկացրել է Ղազախստանի տարածքից խաղաղապահ ուժերի դուրսբերման ավարտի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված հեռագրում նշվել է, որ խաղաղապահ ուժերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու զինամթերքի կորուստներ չկան:

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն էին հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։