գլխավոր Միջազգային Ղազախստանի ԱԳ նախարարը չի կարծում, որ Նազարբաևն ու նրա մերձավորները ներգրավված են...

Ղազախստանի ԱԳ նախարարը չի կարծում, որ Նազարբաևն ու նրա մերձավորները ներգրավված են երկրում տեղի ունեցած անկարգություններում

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին չի կարծում, որ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու նրա մերձավորները ներգրավված են երկրում տեղի ունեցած անկարգություններում։

Այս մասին հայտնում է Euractiv պորտալը։

Բողոքի ցույցերին Նազարբաևների ընտանիքի հնարավոր մասնակցության մասին հարցին ի պատասխան՝ Տլեուբերդին հայտարարել է, որ «այդպես չի կարծում, բայց ի վերջո հետաքննությունն ամեն ինչ ցույց կտա»։

Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն էին հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը լուծարել է կառավարությունը և դարձել Անվտանգության խորհրդի ղեկավար։ Իր գլխավորությամբ Անվտանգության խորհրդի առաջին նիստում Տոկաևը Ղազախստանում ստեղծված իրավիճակը որակել է որպես պետության ամբողջականությունը խաթարող և նշել, որ ՀԱՊԿ-ից օգնություն է խնդրել «ահաբեկչական սպառնալիքը հաղթահարելու համար»։ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկել Ղազախստան՝ երկրում իրավիճակը կարգավորելու համար։ Հունվարի 7-ին Տոկաևը հայտարարել է, որ ահաբեկիչները, այդ թվում՝ արտասահմանից ժամանածները, շարունակում են դիմադրել, և խոստացել է ոչնչացնել նրանց, ովքեր վայր չեն դրել զենքերը։