գլխավոր Գլխավոր Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

Ադրբեջանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին

Ադրբեջանը խորհրդակցությունների նպատակով հետ է կանչել Հունաստանում իր դեսպանին, ինչը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններին այդ երկրի քաղաքացիների մասնակցության մասին հաղորդագրությունների տարածմամբ:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն Ադրբեջանի ԱԳՆ-ին հղումով:

«Ադրբեջանական կողմը Հունաստանի ԱԳՆ-ին տեղեկացրել է բաց աղբյուրներից ստացված հաղորդագրությունների մասին, որ Ադրբեջանի «շրջափակված» (չակերտները-Tert.am) տարածքներ են ժամանել օտարերկրյա քաղաքացիներ, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող հույն քաղաքացիներ՝ մարտական գործողություններին մասնակցելու համար և դիմել է հակառակ կողմին՝ համապատասխան հետաքննություն անցկացնելու խնդրանքով: Այնուհետև, Հունաստանի կողմից իր դեսպանին խորհրդակցությունների համար հետ կանչելու որոշման կապակցությամբ Հունաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Բաքու խորհրդակցությունների համար», – ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն՝ Աթենքը խորհրդակցությունների համար հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպան Նիկոլաոս Պիպերիգոսին։

«Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 6-ին Հունաստանում Ադրբեջանի դեսպանին խիստ դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կառավարության բացարձակապես անհիմն և վիրավորական պնդումների վերաբերյալ առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանակներում Հունաստանի տարածքից հաքերային հարվածներ են իրականացվում Ադրբեջանի դեմ, ահաբեկիչ – զինյալների հավաքագրման ջանքեր են իրականացվում և որ ենթադրաբար Հունական պետությունը հանդուրժողականություն է ցուցաբերում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման հարցում։ Ի շարունակություն դժգոհության հայտարարությանը՝ Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի որոշման համաձայն Ադրբեջանում Հունաստանի դեսպան Ն. Պիպերիգոսը հետ է կանչվել Աթենք խորհրդակցությունների համար»,- ասված էր Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։