գլխավոր Հասարակություն Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ

Կաթնառատի ջրի խնդրի հիմքով ԱԱՏՄ-ն հարուցել է վարչական վարույթ

Օպերատիվ արձագանքելով Տաշիրի Կաթնառատ գյուղից աղիքային սուր վարակ ախտորոշմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն մի շարք քաղաքացիների հոսպիտալացումների ահազանգին՝ ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը հանձնարարել է հրատապ քայլեր ձեռնարկել։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից:

Մարզային աշխատանքային այցի ընթացքում Ավագյանն անձամբ է ծանոթացել խնդրահարույց ջրամատակարարմանն առնչվող հարցերին, ԱԱՏՄ մասնագետները զեկուցել են ձեռնարկված քայլերի ընթացքը։

Տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրվել է կարգադրագիր՝ ժամանակավորապես դադարեցնել տվյալ համայնքի ջրամատակարարումը, հարուցվել է վարչական վարույթ, ընթանում է գործի զննում։

Որպես հիգիենիկ, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման նկատմամբ վերահսկողություն իրականացնող կառույց՝ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ձեռնարկել է Կաթնառատ համայնքի բնակչությանն անվտանգ ջրով ապահովելու միջոցառումներ։

ԱԱՏՄ Հյուսիսային տարածքային կենտրոնի նորանշանակ ղեկավար Արման Ոսկանյանն այցելել է Ստեփանավանի ԲԿ՝ վերջինիս տնօրեն Մեսրոպ Հազրոյանի ուղեկցությամբ տեսակցելու աղեստամոքսային խանգարումներով այստեղ տեղափոխված հիվանդներին։