գլխավոր Facebook Ռուբինյանին վարկաբեկելուց շահում է միայն Թուրքիան. Մարուքյան

Ռուբինյանին վարկաբեկելուց շահում է միայն Թուրքիան. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է այսօր խորհրդարանում ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հասցեին հնչած քննադատություններին։

Մարուքյանի համոզմամբ` Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցչին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային։

«Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան»,– գրել է Մարուքյանը։

Նա նշել է, որ հայաստանյան ընդդիմությունը չի տարանջատում պետությունն ու իշխանությունը։

«Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրենց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ: Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց»,– նշում է Մարուքյանը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։