գլխավոր Միջազգային Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է գտնվում. Ուկրաինայի ՆԳՆ

Պորոշենկոն ներպետական հետախուզման մեջ է գտնվում. Ուկրաինայի ՆԳՆ

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնվում է ներպետական հետախուզման մեջ՝ երկրի Անվտանգության ծառայության նախաձեռնությամբ: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հետևում է Ուկրաինայի ՆԳՆ կայքում հրապարակված հայտարարությունից:

Ինչպես ասվում է հայտարարության մեջ, քաղաքական գործիչը «թաքնվում է նախաքննություն իրականացնող իրավապահ մարմիններից», իսկ նրա անհետացման ամսաթիվը նշվում է 2021 թվականի դեկտեմբերի 24-ը: Կայքում նշվում է, որ կա Պորոշենկոյին դատական մարմինների մոտ բերելու նպատակով ձերբակալման հրաման:

Նշվում է նաև, որ երկուշաբթի նախկին նախագահը ժամանել էր Կիև Վարշավայից: Այնուհետև նա մեկնել է դատարան, որտեղ սկսվել էր նրա դեմ խափանման միջոց ընտրելու դատալսումը: Բացի այդ, համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Պորոշենկոյին պատկերել էին դատավարության ժամանակ քնով անցած:

Նախկին նախագահը մեղադրյալ է 2014-2015 թվականներին Դոնբասից ածուխ մատակարարելու քրեական գործով։ Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի «Ահաբեկչության ֆինանսավորում», «Պետական դավաճանություն» և «Ահաբեկչական կազմակերպության ստեղծում» հոդվածներով։

Պորոշենկոյին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ 2021 թվականի դեկտեմբերին քննիչները փորձել են նրան ծանուցագիր հանձնել, սակայն նախկին նախագահը անտեսել է դա և նույն օրը մեկնել Թուրքիա։ Պորոշենկոյի կուսակցությունը հայտնել է, որ իրենց առաջնորդը «նախապես ծրագրված դիվանագիտական շրջագայությամբ մեկնել է Թուրքիա և Լեհաստան»։